Aravot.am-ի տեղեկություններով, առաջիկա օրերին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում եւս բողոքի ցույցեր են լինելու: Գյուղացիները պահանջելու են գյուղապետ, ՀՀԿ-ական Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը:
Արշալույսը, հիշեցնենք, օրերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է: Զարզանդ Գրիգորյանն էլ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին: Սակայն, Մանվել Գրիգորյանի եւ նրա եղբորորդների`Զարզանդ եւ Հրանտ Գրիգորյանների, հարաբերությունները բավական լարված են: Հրանտ Գրիգորյանը, հիշեցնենք, նախկին պատգամավոր է ՀՀԿ խմբակցությունից:
Մանվել Գրիգորյանի եղբայրները եւ եղբորորդիներն, իհարկե, հիմնականում Մանվել Գրիգորյանի շնորհիվ էին տարբեր տրամաչափի պաշտոններ զբաղեցնում, բիզնեսներ վարում, սակայն, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Գրիգորյանների տոհմը տրոհվեց: Գեներալ Մանվելի եղբորորդիները դուրս եկան հորեղբոր դեմ, քանի որ վերջինս որոշել էր կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Գյուղամեջում վեճ էր եղել, միմյանց հայհոյել եւ քաշքշել էին: Հետո, նաեւ փոխադարձ վիրավորանքներ հնչեցին մամուլում:
Ի դեպ, արշալույսցիները բնավ էլ զարմացած չեն այն ավարով, ինչ ԱԱԾ-ն գտել է գեներալի տան եւ ամառանոցների պահեստներում: Իրենց համար ենթադրելի էր նման «հարստության» գոյությունը:
Այժմ էլ, արշալույսցիները դուրս են եկել գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեցին տեղացիները, գյուղապետի դեմ դուրս եկածները չեզոք մարդիկ են: Այս պահին էլ գյուղապետի հավակնորդ կամ հավակնորդներ չկան: Պարզապես, վերջին օրերի իրադարձություններից ոգեւորված, մարդկ ցանկանում են իրենց բնակավայրում էլ կարգ ու կանոն հաստատեն, արդար ընտրությամբ գյուղապետ ընտրեն:
Սակայն, ըստ մեր զրուցակիցներից մեկի, Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից մեկը`Սիմիկը, գյուղում այդքան էլ հեղինակություն վայելող մարդ չէ: Եվ շատ գյուղացիներ, ովքեր կմասնակցեին Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերին, ձեռնպահ են մնում զուտ այն պատճառով, որ շարժման առաջատարներից մեկն այդ անձն է: Նա, ի դեպ, գյուղում ջերմոցատեր ունի, ֆինանսապես ապահովված մարդ է: Գյուղապետի հավակնություններ ունի՞, թե`չէ, առայժմ հասկանալի չէ: Նա նաեւ, ոչ վաղ անցյալում, Զարզանդ Գրիգորյանի հետ բավական մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Ինչ-որ առումով, ըստ մեր զրուցակցի, Զարզանդ Գրիգորյանը կարող է հանգիստ լինել, քանզի կա Սիմիկի գործոնը: Բայց կա մեկ այլ ուշագրավ հանգամանք. Զարզանդ Գրիգորյանի դեմ նախաձեռնող խմբի անդամներից մեկի որդին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Նիկոլ Փաշինյանի որդու մտերիմներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ