Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիտվայում ՀՀ դեսպան. «Լիտվայում կան հայկական խորն արմատներ»

Հունիս 22,2018 18:55

Հայաստանում վերջին զարգացումների, այդ երկրի յուրահատուկ պատմության և մշակույթի, ինչպես նաև հայ-լիտվական հարաբերությունների առանձնահատկությունների ու տեղական համայնքի կյանքի մասին «ԷՆ»-ին պատմում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Վանիկի Մկրտչյանը:

 

Հարց. Պրն դեսպան, Հայաստանում ծավալված վերջին իրադարձություների և այսպես կոչված «թավշյա հեղափոխության» լույսի ներքո չեմ կարող Ձեզ չհարցնել, թե ինչպես կփոխվի պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը: Այսօր շատերը խոսում են, որ նոր վարչապետ Փաշինյանը որոշակի հակառուսական տրամադրվածություն ունի:

Տիգրան Մկրտչյան. Պետք է հստակ հասկանալ, որ ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փոխեցին երկրի բնականոն կյանքի հունը, վերաբերում են ներքին, ոչ թե արտաքին քաղաքականությանը: Զանգվածային ցույցերը չունեին որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, և Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին իսկ օրերից հայտարարեց, որ երկրի արտաքին քաղաքականությունը չի ենթարկվի զգալի վերանայման: Հայաստանն իրականացնում է հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն և չի խաղում աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների վրա, որպեսզի ստանա ինչ-որ մեկի աջակցությունը: Հակառակը, մենք միշտ հանդես ենք գալիս շփման եզրեր գտնելու օգտին: Մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել Հայաստանի անվտանգությունը, որպեսզի դուր գանք կամ դուր չգանք ինչ-որ մեկին: Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը և արժանապատվությունը վեր են մնացած ամեն ինչից:

Հարց. Հնարավոր է՝ ես ճիշտ չեմ, բայց, ելնելով Ձեր դոսյեից, կարելի է եզրակացնել, որ Դուք հանդես եք գալիս եվրոպամետ դիրքերից: Համաձա՞յն եք Դուք այն մտքի հետ, որ այսօր հայ հասարակության մեջ որոշակի պառակտում է նշմարվել, որն արտահայտվեց «հեղափոխության» ընթացքում: Որոշները կողմնորոշվում են դեպի Արևմուտք, մյուսները՝ Արևելք:

Տիգրան Մկրտչյան. Ոչ, ես այդպես չէի ասի: Եվ ընդհանրապես, ես գտնում եմ, որ հայ հասարակության արտաքին քաղաքականության տեսլականի նման բաժանումը սխալ է: Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Դա մեծ նշանակություն ունի Հայաստանի և ողջ աշխարհի հայերի համար: Միաժամանակ, մեր պետությունը հրաշալի հարաբերություններ ունի ԵՄ և ԱՄՆ հետ: Օրինակ, ԱՄՆ հետ մեր հարաբերությունները մենք բնորոշում ենք որպես «բարեկամական գործընկերություն», Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ որպես «առանձնաշնորյալ հարաբերություններ»: Այս բոլոր երեք երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհի շատ անկյուններում, գոյություն ունեն հայկական համայնքներ, որոնք Հայաստանի և նշյալ երկրների միջև հանդես են գալիս որպես ամուր կամուրջ և կենդանի թել:

Նաև ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը. դա լինելու է ժամանակակից Հայաստանի պատմության մեջ իր մասշտաբներով խոշորագույն միջազգային միջոցառումը: Մենք նախատեսում ենք ընդունել ավելի քան 80 պատվիրակություն, սպասում ենք տարբեր երկրների բազմաթիվ առաջնորդների, այդ թվում նաև՝ Էստոնիայի նախագահին, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր Լիտվայից և Լատվիայից:

Շարունակելով վերոհիշյալ միտքս, նշեմ, որ Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունի Վրաստանի և Իրանի, Մերձավոր Արևելքի երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, լատինամերիկյան երկրների հետ: Հայաստանը և իր ղեկավարությունը հանդես չի գալիս կողմ կամ դեմ դիրքից, այլ հանդես է գալիս բացառապես Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների և ընդհանուր առմամբ հայ ժողովրդի շահերի դիրքերից:

Հարց. Դուք արդեն մեկուկես տարի է, ինչ զբաղեցնում եք այդ պաշտոնը՝ ներկայացնելով Հայաստանը բալթյան բոլոր երկրներում: Դժվար չէ՞ վերահսկել իրավիճակը միանգամից երեք պետություններում:

Տիգրան Մկրտչյան. Ես արդեն երկու տարի է, ինչ Լիտվայում դեսպան եմ, իսկ Էստոնիայում և Լատվիայում՝ մեկուկես տարի: Իմ դիվանագիտական առաքելության առաջին իսկ օրերից հիմնական առաջնահերթությունը եղել և մնում է ինչպես Լիտվայի, այնպես էլ Լատվիայի և Էստոնիայի հետ միջպետական հարաբերությունների հետագա խորացումը: Ինչպես Դուք հասկանում եք, դա շարունակական գործընթաց է, որին բնորոշ է ինստիտուցիոնալությունը և հետևողականությունը: Այդ պատճառով իմ գործունեության մեջ ես հենվում եմ այն բազայի վրա, որը դրվել է այստեղ ավելի վաղ աշխատած իմ նախորդների և գործընկերների կողմից: Իմ աշխատանքը բազմակողմանի և միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է, որը ենթադրում է մշտական ուշադրություն՝ Բալթիկայի երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների պոտենցիալը բացահայտելու հարցում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է, որը մենք կարողանում ենք իրականացնել բոլոր երեք երկրներում պետական մարմինների և քաղհասարակության հետ հաստատված փոխգործակցության շնորհիվ:

Հարց. Ինչո՞ւմ է կայանում Լիտվայում կատարած աշխատանքի սկզբունքային տարբերությունները նրանից, որը Դուք անում եք Լատվիայում և Էստոնիայում: Որտե՞ղ եք Դուք ձեզ ավելի հարմարավետ զգում:

Տիգրան Մկրտչյան. Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բալթիկայի բոլոր երեք երկրները բավականին տարբեր են իրարից, ինչպես և մեր աշխատանքը երկրներից յուրաքանչյուրի հետ: Մեր նստավայրը Վիլնյուսում է: Եվ շատ իմաստներով ես Լիտվայում ինձ զգում եմ գրեթե ինչպես տանը: Մենք փոխգործակցում ենք հասարակության հետ և Լիտվայի կողմից Հայաստանի և հայերի նկատմամբ ներդաշնակություն, ըմբռնում ենք զգում: Պատմականորեն Լիտվայի հետ բավական սերտ հարաբերություններ ունենք, որոնք պահպանվում են մինչ օրս: Դրա հետ մեկտեղ, երախտագիտությամբ պետք է նշեմ, որ Երևանում Լիտվայի դեսպանության ակտիվ գործունեությունը նույնպես իր կարևոր ներդրումն ունի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և այսօրվա դրությամբ միակ բալթյան երկիրը, որը ճանաչել և դատապարտել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, դա շատ բացատրություններ և պատմական նախապատմություններ ունի: Հայերը Լիտվայում ապրել են դեռ միջնադարից սկսած: Գերմանական աղբյուրների համաձայն՝ հայերը լիտվացիների և լեհերի կողմից մասնակցել են 1410թ. Ժալգիրիսի ճակատամարտին: Հայոց լեզուն պաշտոնապես եղել է վեց լեզուներից մեկը, որն իրավաբանորեն օգտագործվել է Լիտվայի Մեծ Դքսությունում:

1980-ականների վերջում – 1990-ականների սկզբում բալթյան ազգային ճակատը, ներառյալ «Սայուդիս» շարժումը, հետևողականորեն հանդես է եկել Հայաստանի անկախության օգտին: Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական շարժման առաջին օրերից, որի 30-ամյակը մենք տոնեցինք այս տարի, լիտվացիները բարոյական և քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ղարաբաղի ժողովրդին:
Եթե խոսենք Լատվիայի մասին, ապա պետք է նշել, որ ես վաղեմի անձնական կապեր ունեմ այդ հրաշալի երկրի հետ: Իմ կինն ազգությամբ լատվիացի է, մեր երեխաները կատարելապես տիրապետում են երկու լեզուների՝ հայերենին և լատվիերենին: Այսպիսով, Լատվիան տարածաշրջանում այն երկիրն է, որը ես ինձ համար բացահայտել եմ բոլորից շուտ: Լատվիայում է գտնվում Բալթիկայի ամենամեծ հայկական համայնքը: Հայկական եկեղեցին գտնվում է Ռիգայում և բացառիկ կարևոր դեր է խաղում հայկական ինքնության պահպանման գործում: Լատվիայի հետ մեզ կապում են բավականին ամուր մշակութային կապեր:

Էստոնիայի մասին շատ հայեր խոսում են որպես երկրի, որտեղ 19-րդ դարի սկզբում (Տարտուի համալսարանում) սովորել է ժամանակակից հայոց լեզվի հիմնադիր Խաչատուր Աբովյանը: Աբովյանի հետ մեկտեղ 19-րդ դարի հայկական լուսավորության որոշ ներկայացուցիչներ սերտ կապեր են ունեցել Էստոնիայի հետ, և ես հաճույքով փաստում եմ, որ Տարտուի համալսարանը մինչ օրս Հայաստանից ուսանողներ է ընդունում: Էստոնիան շատ ոլորտներում առաջատար երկիր է, որի հետ մենք շատ ընդհանրություններ ունենք, հատկապես ընդհանուր առաջընթացի խթանման համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ցանկության առումով: Կարծում եմ, որ դա մեր փոխգործակցության առավել առանցքային ոլորտներից է:

Բոլոր երեք երկրների հետ մենք զարգացնում ենք առևտրատնտեսական հարաբերությունները, շեշտը դնում բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության վրա:
Քաղաքական երկխոսությունը մեծապես ակտիվ է բոլոր երեք երկրների հետ:
Բնականաբար, մեր համագործակցության կարևոր ձևաչափ է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը:

Երեք երկրների հետ մեր գործունեության կարևոր ոլորտներից է մշակութային դիվանագիտությունը: Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում հայկական համայնքների աջակցությամբ  լավագույն երաժիշտների, կոմպոզիտերների, երաժշտական խմբերի մասնակցությամբ մենք տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: Մենք նաև կազմակերպում ենք ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, կոնֆերանսներ:
Գոհունակությամբ պետք է նշեմ այն փաստը, որ Էստոնիան, Լատվիան և Լիտվան Եվրոպական միության առաջին երեք երկրներն են, որոնք վավերացրեցին 2017թ. վերջին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը»:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Լիտվայի տնտեսական հարաբերությունները և մեր երկրների համագործակցությունն ընդհանուր առմամբ: Ո՞ր ուղղություններով ենք մենք լավ աշխատում, և ի՞նչը պետք է բարելավել:

Տիգրան Մկրտչյան. 2005թ.-ից սկսած հայ-լիտվական երկկողմ տնտեսական, առևտրատնտեսական հարաբերություներում աճ է նկատվում: Դրան մեծապես նպաստել է դեսպանության աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը լիտվական բիզնես համայնքին տեղեկատվություն է տրամադրում այն տնտեսական փոխակերպումների մասին, որոնք ընթանում են Հայաստանում, և հնարավոր փոխգործակցության այն ոլորտների, որոնք կարող են փոխշահավետ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լինել: Այս պահի դրությամբ Լիտվայում և Հայաստանում արդեն կայացել են երեք գործարար-համաժողովներ, որոնց ընթացքում գործարարները հետաքրքրություն են հայտնել Հայաստան և Լիտվա արտահանում և ներդրումներ կատարելու նկատմամբ: Հայաստանի և Լիտվայի խոշոր առևտրային և ներդրումային կառույցների միջև արդեն ստորագրվել է փոխըմբռնման երեք հուշագիր, օրինակ՝ Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի և Հայկական զարգացման գործակալության միջև:

Բացի այդ, երկու երկրներն ընդհանուր առանձնահատկություններ ունեն շուկաներ մուտք գործելու տեսանկյունից. Հայաստանը ներկայանում է ԵԱՏՄ, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրների շուկա մուտքով, հատկապես իրանական շուկա, այն ժամանակ, երբ Լիտվան մուտք ունի Սկանդինավյան երկրների և ամբողջ եվրոպական տարածաշրջանի շուկա: 2016թ. Հայաստանը ԱՊՀ միակ երկիրն էր, որտեղ նկատվեց լիտվական արտահանման աճ: 2017թ. առևտրի ծավալն աճեց 11%-ով՝ ցույց տալով մեր երկրների միջև ձեռնարկատիրության աճը:
Նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ տնտեսական հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի  երկրորդ նիստը, որին լիտվական կողմից մասնակցում էին նախարարներ և գործադիր իշխանության մարմինների ղեկավարների տեղակալներ: Ի լրումն ավանդական երկկողմ Արձանագրության՝ ստորագրվեցին երկու միջկառավարական համաձայնագրեր: Մասնավորապես, խոսքը գնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության, ինչպես նաև ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի մասին: Բացի այդ, գյուղատնտեսության նախարարների տեղակալները ստորագրել են նախարարությունների միջև 2018-2019թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Օրինակ՝ Հայաստանում անցկացվում են գինու և ազգային խոհանոցի մի քանի փառատոներ, որոնք, անշուշտ, գրավիչ են գուրմանների համար, ովքեր փնտրում են նոր տպավորություններ գաստրոնոմիայում: Բացի այդ, մենք ունենք արտակարգ լեռնադահուկային հանգստավայրեր, լավ զարգացած է էկոտուրիզմը: Լիտվայում նույնպես կան բազում հետաքրքրություններ, որոնք կարելի է առաջարկել հայերին: Հաշվի առնելով մի շարք չափորոշիչներով մեր երկրների նմանությունը՝ հնարավոր է համատեղ շրջագայությունների կազմակերպումը, և զբոսաշրջային օպերատորները կարող են ուսումնասիրել բալթյան երկրներից Հայաստան և հարևան Վրաստան, իսկ մեր տարածաշրջանից՝ բալթյան երկրների զբոսաշրջային փաթեթների առաջարկումը:

Հարց. Լիտվայում կան հայկական համայնքի ներկայացուցիչներ: Պատմեք այն մասին՝ արդյո՞ք դեսպանությունը կապի մեջ է տեղական համայնքի հետ, և ինչո՞ւմ է կայանում Լիտվայի հայերի առանձնահատկությունը, եթե համեմատենք հայկական սփյուռքի այլ գաղթօջախների և Հայաստանում ապրող հայերի հետ:

Տիգրան Մկրտչյան. Վերջին մարդահամարի համաձայն՝ Լիտվայում 1233 հայ է ապրում: Մի կողմից, դա շատ չէ, բայց Լիտվայի հայերը բավական ակտիվ են: Բացի այդ, նրանց բացարձակ մեծամասնությունն ապրում է երկրի խոշոր քաղաքներում, այսինքն՝ Վիլնյուսում, Կլայպեդայում, Կաունասում, Շյաուլյայում: Չնայած որ այսօրվա հայերի մեծ մասը Լիտվա է տեղափոխվել խորհրդային տարիներին, հայկական արմատներն այստեղ շատ խորն են, քանզի հայերը Լիտվայում ապրել են դեռ միջնադարում: Ինչպես նշեցի վերևում, համաձայն գերմանական աղբյուրների՝ հայերը մասնակցել են 1410թ. Գրյունվալդյան ճակատամարտում և կռվել Լիտվայի Մեծ Դքսության և Լեհաստանի թագավորության կողմից:

Այս ամենն, անկասկած, իր հետքն է թողել պատմության մեջ և դրոշմվել այսօր Լիտվայում ապրող հայերի ինքնության վրա: Վերջինները Լիտվան համարում են իրենց հայրենիքը, կարող են վստահաբար իրենց կոչել պատմական ժողովուրդ, բայց միևնույն ժամանակ նրանք չեն կտրում Հայաստանի հետ կապերը: Դեսպանությունը ողջունում, խթանում և սատարում է հայկական համայնքները և կիրակնօրյա դպրոցները, որոնք գործում են Կլայպեդայում և Կաունասում: Ուրախացնում է նաև այն, որ ազգային փոքրամասնությունների լիտվական դեպարտամենտը աջակցում է համայնքների գործունեությանը՝ կազմակերպելով տարբեր փառատոներ:

Ցանկանում եմ նաև նշել, որ Վիլնյուսում, Կաունասում և Կլայպեդայում համայնքի ջանքերի շնորհիվ համեմատաբար վերջերս տեղադրվեցին խաչքարեր՝ հայկական ավանդական քարե տապաններ: Նրանք մեր ազգային ինքնության խորհրդանիշն են և տեղադրվում են ոչ միայն Հայաստանի պատմության մեջ հիշարժան օրերը հիշելու համար: Դրա հետ մեկտեղ, նրանք հայերի նկատմամբ լիտվացիների բարիացակամ վերաբերմունքի խորհրդանշական ապացույցն են՝ հայ և լիտվացի ժողովուրդների միջև բարեկամության նշան:

Հարց. Ավելի վաղ Դուք անդրադարձաք ցավոտ թեմայի՝ Հայոց ցեղասպանությանը: 2005թ. Լիտվան պաշտոնական մակարդակով ճանաչեց այդ ողբերգության փաստը, սակայն Լատվիան և Էստոնիան ԵՄ երկրների շարքում վերջիններից են, որոնք հրաժարվում ենք այդ քայլից: Ինչի՞ հետ եք կապում Դուք այս դիրքորոշումը և կա՞ն ինչ-որ առաջխաղացումներ:

Տիգրան Մկրտչյան. Լատվիան և Էստոնիան ճանաչում են հայերի զանգվածային կոտորածների փաստը, սակայն չեն օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը: Չնայած դրան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը շարունակում է ընդլայնվել ու ընդլայնվել: Վաղ թե ուշ, և որ ամենակարևորն է, մենք ակնկալում ենք, որ հենց Թուրքիան կճանաչի իր պատմության այդ ամոթալի էջը: Իրականում և՛ Լատվիայում, և՛ Էստոնիայում շատ աշխատանք պետք է տանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Կրթությունը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ճանաչման ճանապարհին հասնելու անբաժան կարևոր բաղադրիչներն են: Պետք է ասել, որ, չնայած բալթյան երկրներից ցեղասպանությունը ճանաչել է միայն Լիտվան, այդ ուղղությամբ բոլոր երեք երկրներում աշխատանք տարվում է:
Ի դեպ, վերջերս Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանում տեղի ունեցավ «Դիվանագետները փաստում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը. այն 11 երկրների դեսպանների և հյուպատոսների դիվանագիտական հաշվետվությունների հավաքածու է, որոնց թվում են նաև Օսմանյան կայսրության դաշնակից պետությունների՝ Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Գերմանիայի, ինչպես նաև չեզոք պետությունների և Անտանտի տերությունների դիվանագիտական ներկայացուցչությունները: Բացի այդ, բոլոր երեք երկրներում մենք տարածում ենք համապատասխան գրականություն, թարգմանում ենք այն լիտվերեն, լատիշերեն և էստոներեն: Մի խոսքով, դա երկարատև և քրտնաջան աշխատանք է, որի համար կարող է տարիներ պահանջվեն: Բայց ես լիահույս եմ, որ մի օր և՛ Լատվիան, և՛ Էստոնիան կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Հարց. Հայաստանը յուրահատուկ պատմություն ունեցող երկիր է, սակայն Լիտվայից և բալթյան երկրներից զբոսաշրջիկների հոսքը, ընդհանուր առմամբ, այդքան էլ մեծ չէ: Օրինակ՝ հարևան Վրաստան լիտվացիները զգալիորեն ավելի հաճախ են այցելում: Կարո՞ղ եք մի քանի բառով ներկայացնել՝ ինչո՞ւ պետք է բալթյան տարածաշրջանի բնակիչներն այցելեն Հայաստան:

Տիգրան Մկրտչյան. Հայաստանն այսօր մեր ժողովրդի ջանքերի շնորհիվ է այնպիսին, ինչպիսին որ կա. ժողովուրդ, որն ապրել, արարել է, որը ցուցաբերել է անսահման հյուրասիրություն և որը առանձնանում է ջերմությամբ և հոգատարությամբ: Հայերը շատ ջերմ զգացմունքներ են տածում բալթյան և այլ երկրների ժողովուրդների նկատմամբ: Հավանաբար, որոշ ընդհանուր գծերը, որոնք մենք ունենք, հենց ձգում են մեզ իրար: Նշեմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը տիրապետում է անգլերենի և ռուսերենի: Համոզված եմ, որ այս գործոնները հարմարավետության և մարդկանց բաց լինելու տեսանկյունից  Հայաստանը գրավիչ տեղ են դարձնում հանգիստը կազմակերպելու համար:
Հայաստանը գտնվում է ենթատրոպիկ գոտում, կլիման այստեղ մայրցամաքային, չափավոր-մայրցամաքային և չափավոր լայնությունների է, որը Հայաստանը տարվա ցանկացած եղանակին այցելության համար եզակի է դարձնում: Եվ, իսկապես, այն հրաշալի տեղ է ամռան սիրահարների համար, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել լեռնագնացությունը, լողալ  քաղցրահամ Սևանա լճում, որը տեղակայված է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, նաև կարող են վայելել ակտիվ քաղաքային կյանքը, առողջ սնունդը և համաշխարհային մակարդակի ջազ երաժշտություն:Խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի չհիշատակել մեր հրաշատակել խոհանոցը, գինին, կոնյակը և մրգային օղին։ Փաստացի, երկիրը հրաշալի վայր է խոհարարական զբոսաշրջության համար։
Ձմռան սիրահարներն էլ կարող են զբաղվել դահուկասահքով համեմատաբար քիչ հայտնի լեռնադահուկային հանգստավայրերում, ինչպիսին են օրինակ Արագած լեռը կամ Ծաղկաձորը։
Մեզ մոտ բավական զարգացած է մշակութային զբոսաշրջությունը։ Մի քանի տեսարժան վայրեր ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

«Տաթևի» ճոպանուղին՝ տեղակայված 9-րդ դարի Տաթև վանական համալիրի մոտ, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես «ամենաերկար հետադարձելի ճոպանուղին աշխարհում»։

Չեմ կարող չանդրադառնալ նաև դեպի Հայաստան ուխտագնացություններին։ Հայկական եկեղեցիները համարվում են տարբեր դավանանքի քրիստոնյաների ամենաարժեքավոր հարստություններից մեկը։ Բացի Էջմիածնից, որտեղ տեղակայված է աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին, հարկ է այցելել նաև Գեղարդ վանական համալիր՝ հիմնադրված 4-րդ դարում քարանձավում՝ սուրբ աղբյուրի տեղում։ Եվ իմ այս թվարկածները միայն մի քանիսն են, բայց կան բազում այլ յուրահատուկ վայրեր։

Հարց. Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնախնդիրը միջազգային քաղաքականության դժվարին խնդիրներից մեկն է։ 2016թ. հերթական սրացումը եղավ, յուրաքանչյուր կողմն էլ զոհեր ունեցավ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է իրավիճակն այդ տարածաշրջանում «սառեցված»։ Չե՞ք կարծում, որ վերջին շրջանում համաշխարհային գերտերությունների «համակրանքն» այդ հարցում արտահայտվում է Ադրբեջանի օգտին։

Տիգրան Մկրտչյան. Այդ հարցում միջազգային հանրությունը չի աջակցում ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, միջազգային հանրության կողմից տրված համապատասխան մանդատ ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունը կայանում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորմանը հասնելու համար կողմերի աջակցություն տրամադրելու մեջ:
Սա յուրահատուկ օրինակ է, երբ բոլոր այս երկրները գործում են միասին։

Նրանք նախորդ տասնամյակի ընթացքում մի քանի առաջարկություններ են մշակել: Ցավոք, շատ ժամանակ և ջանքեր խլած դիվանագիտական աշխատանքից հետո Ադրբեջանը վերջնական արդյունքում ամեն անգամ հրաժարվում է միջնորդների առաջարկություններից։ Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների ավելի բնական և տրամաբանական ավարտից, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ղարաբաղի կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով որոշելու իրավունքից:\

Դա միջազգային հանրության առանցքային առաջարկություններից մեկն է։ Ադրբեջանի նախագահը, ընդհակառակը, ասում է, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն համաձայնել Ղարաբաղի անկախության հետ և պարծենում է, որ նա դա չի անի։ Ավելին, վերջերս նա սկսեց «քարոզներ կարդալ» այն մասին, թե այժմյան Հայաստանը և վերջինիս մայրաքաղաքը «հին Ադրբեջանի» մաս են կազմել։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի առաջնորդը նաև վստահեցնում էր, որ ամբողջ աշխարհի հայերը այդ երկրի համար մեկ թշնամին են։ Բնական է՝ նման մոտեցումները, որոնք իրենցով ռասիստական և քսենոֆոբիական բնույթ են կրում, առողջ մթնոլորտ չեն ստեղծում հակամարտության կարգավորման համար։ Անգամ եթե պաշտոնական Բաքվի այս հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, այս հայտարարություններն արտահայտում են ադրբեջանական ղեկավարության փոխզիջումային լուծում գտնելու մտադրության բացակայությունը։ «Ամեն ինչ, կամ ոչինչ» մոտեցումը միջազգային հարաբերություններում ոչ մի լավ բանի չի հանգեցրել, այլ դարձել է բացասականի աղբյուր։

Հարց. Անկասկած, Հայաստանի ԱԳՆ-ն ունի արտաքին քաղաքականության իր ռազմավարությունն ու կարգավորումները՝ կապված որոշակի տարածաշրջաններում նպատակների իրականացման հետ, իսկ ի՞նչ դիրք են զբաղեցնում դրանում բալթյան երկրները, ի՞նչ նպատակներ է հետապնդում պաշտոնական Երևանը բալթյան տարածաշրջանում։

Տիգրան Մկրտչյան. Հայաստանի յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության խնդիրն է աշխատել երկկողմ օրակարգի վրա ի շահ քաղաքական երկխոսության զարգացման, տնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի խորացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և գործնական լրացման, երկիրն ամբողջական տեսքով ներկայացման և, իհարկե, արտերկրում Հայաստանի շահերի և վարկի պաշտպանության։ Վստահ ենք, որ բալթյան երկրների հետ մեր հարաբերությունները ունեն միայն մեկ՝ հետագա զարգացման ճանապարհ։

Լուսանկարը՝ Տաթեւ Մնացականյանի 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930