Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր վայ-մանվելներ կան, որ ընկած եզի վրա՝ դանակով ուզում են կաշին քերթել». Վարդան Ավետիսյան

Հունիս 22,2018 18:35

Այսօր Aravot.am-ը զրուցեց ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանի հետ:

Մենք հետաքրքրվեցինք, Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներից հետո մարդիկ թերահավատությամբ են մոտենում բանակին հասցեագրված օգնություններին, կասկածներ ունեն, թվում է, թե ոչինչ չի հասել զինվորին, ի՞նչ կասեք այս մասին եւ առհասարակ ՊՆ-ի չարաշահումների մասին: Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Մարդկանց այդ մտահոգությունը արդարացված է: Մարդիկ տեղին եւ արդարացի են մտահոգված, որովհետեւ տեսնելով Մանվել Գրիգորյանի արարքը եւ իր կատարած գործերը՝ բնականաբար, մարդը պետք է մտածի, որ իր կողմից հատկացված օգնությունները չեն հասել նպատակին: Հանձինս Մանվել Գրիգորյանի, մարդիկ տեսնում են ՊՆ-ի նախկին պաշտոնաթող փոխնախարարի, որը կոչումով գեներալ-լեյտենանտ է, ակամայից մարդը մտածում է՝ եթե ՊՆ համակարգից դուրս եկած փոխնախարար, զինվորական, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր նման արարք է թույլ տալիս իրեն, անշուշտ, մտահոգվելու իրավասություն ունի:

Նա կարող է իր մտահոգությունը արդարացի բարձրաձայնել եւ նույնիսկ այդ մտահոգությունը արտահայտել ՊՆ-ի նկատմամբ, որովհետեւ ՊՆ-ի միջոցով է այդ 1 օրվա օրապահիկները՝ այդ տուշոնկա կոչվածները հատկացվել նույն ԵԿՄ ազատամարտիկներին, ԵԿՄ անդամներին, որոնք արդյունքում հայտնվել են ինչ-որ արջանոցներում, ինչ-որ ամառանոցներում: Մարդն իրավունք ունի, անշուշտ, զայրանա, ես կիսում եմ այդ մարդկանց վրդովմունքը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ՊՆ-ում եղել են չարաշահումներ, կարծում եմ, այդ բոլոր տեսակի չարաշահումները յուր ժամանակին բացահայտվում են եւ բոլոր կարգի չարաշահումներին իրավապահ մարմինների կողմից հավուր պատշաճի քննությամբ իրենց գնահատականներն են տրվում, մեղավորները պատժվում են՝ ըստ իրենց գործած զանցանքի, հանցանքի: Այնպես որ, ՊՆ-ում տեղի ունեցող եւ տեղի ունեցած բոլոր չարաշահումները ե՛ւ բացահայտվել են, ե՛ւ բացահայտվում են, ե՛ւ ես ակնկալում եմ, որ դեռ պիտի բացահայտվեն, ինքս էլ սպասելիքներ ունեմ»:

Մեր հարցին՝ ԱԺ պատգամավորներից մեկն ասաց, որ Մանվել Գրիգորյանին հիմա են բռնել, որովհետեւ հիմա թույլտվություն են ունեցել բռնելու, առաջ այդ ինֆորմացիան նախկիններն ունեցել են, բայց չեն ունեցել թույլտվություն՝ չեն բռնել, հիմա ՊՆ-ի հետ կապված շա՞տ բան կա ջրի երես դուրս գալու, Դուք բավականին երկար ժամանակ է՝ համակարգի աշխատող եք, տեղեկացված եք համակարգի «խժդժություններից», «վայրիվերումներից», դեռ շա՞տ բան կա ՊՆ-ում բացահայտելու, որոնք մեր հասարակությանը կապշեցնեն՝ Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, մենք պետք է անկեղծ լինենք՝ իրողություններ են փոխվել, տեղի է ունեցել հեղափոխություն: Շատերն ասում են՝ թավշյա, շատերն ասում են՝ վարդագույն, սիրո, համերաշխության հեղափոխություն, բայց այն, ինչ տեղի է ունեցել, դա Աստծուց տրված ոգեղեն իրողություն էր, որ այս ազգը չպետք է ենթարկվեր այս տեսակի նվաստացումների, այս տեսակի ամենաթողության, այս տեսակի արտագաղթի, բռնադատության, ծածկադմփոցի»: Ըստ պարոն Ավետիսյանի, նախկինում քաղաքական կամք չի եղել բացահայտելու եւ իրավական գնահատական տալու չարաշահումներին. «Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ կախարդական փայտիկը կա: Իրապես, այդ կախարդական փայտիկը միշտ էլ եղել է, պարզապես այդ փայտիկը գործածողը պետք է կամք ունենար այն գործածել, Աստված ամեն մարդու շնորհ չի տալիս, որ այդ փայտիկը հայտնվի իր ձեռքում, այ շնորհը պարգեւել է Նիկոլ Փաշինյանին, եւ նա այդ շնորհը հավուր պատշաճի գործածում է փայտիկը: Մանվել Գրիգորյանի պարագայում եւ ոչ միայն նրա, շատ ու շատ այլ մանվել գրիգորյանների պարագայում այդ կախարդական փայտիկը, լիահույս եմ, որ աշխատելու է, գործելու է»:

Վարդան Ավետիսյանը համակարծիք էր Էդմոն Մարուքյանի հետ, որ մի ծառ ենք կտրել, ուրախացել ենք, բայց դեմներս մի խիտ անտառ է, ծառեր՝ հաստ բներով. «Մի մութ անտառ կա, մենք էդ անտառի հետեւից պիտի գնանք: Մենք չպետք է սահմանափակվենք այդ հսկա կաղիններով: Կաղինների կողքին կան նաեւ սոճիներ, բարդիներ, թփեր, մոշի քոլեր, պիտի քոքից պոկել, արմատախիլ պետք է անել, որպեսզի էս ազգը այս զարթոնքը լիարժեք կարողանա ըմբոշխնի, կարողանա դիմակայել մարտահրավերներին ու սպառնալիքներին…Այսօր այնքան վայ-մանվելներ կան, որ ընկած եզի վրա արդեն դանակը վերցրած՝ ուզում են կաշին քերթել: Փորձում են: Այդպիսի մարդիկ էլ կան, կարծում են, թե իրենք դուրս են պրծնելու: Ես լիահույս եմ, որ կախարդական փայտիկը մինչեւ վերջ գործելու է եւ հասնելու է այդ նպատակին եւ մենք ունենալու ենք մաքուր Հայաստան, անաղարտ Հայաստան, այն հույսը, հավատը, կարեկցանքն ու հոգատարությունը, որ մենք ունեինք 88-ից հետո իրար նկատմամբ, նորից վերականգնվելու է, նորից լույս աշխարհ է գալու: Ես լիահույս եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930