Քանի որ տասներկուամյա կրթությունն օրենքով պարտադիր է դառնում սեպտեմբերի մեկից, ու այլեւս իններորդ դասարանն ավարտած ու ոչ մի տեղ չսովորող երեխա չպետք է լինի, Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ԿԳ նախարարությունը նախապատրաստվում դրան:
«Կարծում եմ նախարարությունը վաղուց է նախապատրաստվել, բայց, իհարկե, թերություններ կգտնվեն: Հենց սեպտեմբերից, օրինակ, Արմավիրի մարզում անցնում ենք ներառական կրթության, բայց հիմա, երբ ուսումնասիրում ես վիճակը, տեսնում ես, որ կոնկրետ մարզի կտրվածքով այդ ամենը կրել է զուտ հռչակագրային բնույթ, քան գործողություններ են արվել: Եվ հիմա նախարարությունն ու համապատասխան պաշտոնյաները աշխատանք են տանում, որպեսզի ընթացքը սահուն լինի»,-ասաց Արայիկ Հարությունյանը;
Տասներկուամյա կրթության հետ կապված էլ՝ նախարարը հավելեց. «Կան ինչ-ինչ թերություններ, որոնք ընթացքում կուղղվեն, բայց առհասարակ օպերատիվ լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան: Համակարգը քսանհինգ տարի լճացած է եղել, երկու ամիս էլ չի գործել…Փորձում ենք համակարգը վերակենդանացնել, որ սկսի ինքնուրույն աշխատել, ոչ թե ձեռքով ղեկավարվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ