«Դա իմ անձնական որոշումն է, չկա որեւիցե ուժային միջամտություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի արդեն նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան նա հրաժարականի դիմում է գրել, ավելի ուշ, ավագանին ընդունեց հրաժարականը:
Հիշեցնենք, նաեւ, որ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով քաղաքում մի քանի օր է բողոքի ցույցեր էին, բայց դրանք բավական սակավամարդ էին, տեղացիները չէին արձագանքում ակտիվիստների կոչերին: Ոստի, այս իմաստով, Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը բավական անակնկալ էր նաեւ տեղացիների համար:
Ինքը`Ռուբեն Խլղաթյանն, արտառոց բան չի տեսնում: Ասում է`իր բացատրությունները հրաժարականի պատճառների մասին, տվել է:
Նրա տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Արմավիրի նախաձեռնող խումբ» ներկայացող անձանց կողմից հասարակական կարգի պահպանման կանոնների խախտման, արմավիրցիների և մեր քաղաքի հյուրերի առօրյա բնականոն գործունեության խաթարման, ազգաբնակչության խաղաղ ու անդորրավետ կյանքը խանգարելու պայմաններում իրականացվում են չարտոնված բողոքի ակցիաներ (հավաքներ Հանրապետության հրապարակում, քայլերթեր և ավտոերթեր քաղաքի տարածքում) ի պահանջ իմ` Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանիս հրաժարականի: Վերոնշյալ իրադարձությունների ականատեսները կամ համացանցով հետևողները, ինչպես նաև այստեղ ներկա գտնվողներից յուրաքանչյուրը կփաստեն, որ ակցիաների իրականացման ողջ ժամանակահատվածում նախաձեռնող խմբի համախոհների թիվն այդպես էլ մնաց խիստ սակավաթիվ` չգերազանցելով անգամ 50 անձը: Ավելին, արմավիրցիները հերթական անգամ ցուցաբերեցին իրենց զսպվածությունն ու քաղաքակրթությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը` ըստ արժանվույնս գնահատելով վերջին 15 տարիների ընթացքում իմ, համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային հիմնարկների հարյուրավոր ազնիվ ու հոգատար աշխատակիցների արդյունավետ ու նվիրական գործունեությունը` ի շահ և ի բարօրության հարազատ քաղաքի ու քաղաքացու»: Եվ հավելված է. «Հպարտ լինելով 2002թ.-ից ի վեր Արմավիր քաղաքի զարգացմանն ու շենացմանը նպաստող բոլոր ձեռքբերումներում ունեցած մեծ ավանդի համար, գիտակցելով անձնական պատասխանատվությունս մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչի առջև` հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակում իմ կողմից համայնքի ղեկավարի լիազորությունների կատարումը հղի է համայնքի հասարակական կյանքի ապակայունությամբ` ներկայացնում եմ Արմավիր համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հրաժարական»:
Մեր դիտարկմանը`խոսակցություններ կան այն մասին, որ մտավախություններ ունեք`ԱԱԾ-ն ձեզնով էլ կհետաքրքրվի, թաքցնելու բաներ ունեք, Ռուբեն Խլղաթյանը հակադարձեց. «Արդեն ինձ թվում է մի քիչ բաներ եք անում… նյութ չեմ տեսնում էլի ձեր ասածի մեջ, որովհետեւ ԱԱԾ-ն…ես ոչ հանցագործ եմ, ոչ էլ չգիտեմ ինչ եմ»: Ռուբեն Խլղաթյանն այլ հարցերի չպատասխանեց, քանի որ նախապես խոստացել էր միայն մեկ հարցի պատասխանել:
Aravot.am-ի տեղեկություններով, Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման 15 տարիների ընթացքում քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ բոլոր գնումները կատարվել են իր ընտանիքին պատկանող «Լեգենդա» ընկերության միջոցով, խնդիրներ կան նաեւ 15 տարի առաջ փոխված քաղաքի խմելու ջրի ցանցի հետ կապված: Բացի այդ, քաղաքապետն ու իր որդիներն այս տարիների ընթացքում մի շարք աղմկահարույց պատմությունների մեջ են խառնված եղել:
Քաղաքապետի ընտրություններն Արմավիրում կայանալու են աշնանը, հավանաբար հոկտեմբերի վերջերին: Տեղացիներն արդեն իսկ չեն բացառում, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար հավակնություններ կարող են ցուցաբերել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ