Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ ինչո՞ւ ելույթ չունեցավ Փարիզում, որտեղ վերջերս մասնակցում էր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, չէ՞ որ դա հրաշալի հարթակ կարող էր լինել թավշյա հեղափոխություն ունեցած Հայաստանի միջազգային իմիջի բարելավման համար, քանի որ միջոցառմանը ներկա էին 48 երկրների տասնյակ նախարարներ:
«Փարիզում դա իմ առաջին ճանաչողական այցն էր: Ես առհասարակ չէի պատրաստվում Փարիզ գնալ, որովհետեւ ինքն ավելի շատ արարողակարգային բնույթ էր կրում, նաեւ նախատեսված չէր ելույթս: Վերջին պահին, ժամեր առաջ է որոշվել, որ պետք է գնամ: Նպատակն էր ծանոթանալ կոմյունիկեին եւ այն միտումներին, որ առկա են եվրոպական կրթական տարածքում»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանին նաեւ հարցրինք, թե ինչո՞ւ չպնդեց, որ հակամարտության գոտիների ուսանողներին և դասախոսներին Եվրոպական կրթական ծրագրերում ներգրավելու անհրաժեշտության մասին դրույթն ընդգրկվի կոմյունիկեում, որը 2015թ. փաստաթղթում ներառվել է այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պնդմամբ, մանավանդ բազմաթիվ դրույթներ վերարտադրվում են կոմյունիկեից կոմյունիկե, եթե դրանք դեռեւս պահպանել են իրենց հրատապությունը:
«Կոմյունիկեն մշակվել էր դրանից երկու ամիս առաջ, եւ 2015 թ կոմյունիկեն դրանից ուժը չի կորցնում: Այնտեղ էլ ամրագրված կետերով գործողություններ պետք է իրականացվեին»,-պատասխանեց նախարարը:
Քիչ անց էլ՝ անուղղակի մեղադրելով նախորդներին, մեր հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ 2015թ. կոմյունիկեն կյանքի չի կոչվել…Դե գտեք գոնե մեկ հոդված այդ մասին»:
Հավելենք, որ 2009թ. մայիսից մինչեւ 2016 թ. փետրվար ԿԳ նախարարն է եղել Արմեն Աշոտյանը, իսկ նույն տարվա փետրվարից մինչեւ 2018թ ապրիլ ամիսը պաշտոնավարել է Լեւոն Մկրտչյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ