Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես է 164 դպրոցի օգնությունը հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում. Ինչ է պարզաբանում ՊՆ պաշտոնյան

Հունիս 22,2018 18:05

Օրերս Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանին Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր կանչել՝ «Հետքի» հրապարակման առնչությամբ: Ապրիլյան պատերազմի օրերին 164 դպրոցից օգնություն էին ուղարկել առաջնագծի զինվորներին, եւ գեներալ Ավետիսյանը շնորհակալություն էր հայտնել դպրոցի տնօրինությանը՝ օգնության համար: Սակայն, ինչպես հետո պարզվեց Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի տարածած տեսանյութից, այդ դպրոցի օգնությունը զինվորին հասնելու փոխարեն հայտնվել էր Գրիգորյանի ամառանոցում: Տեսանյութը հարցեր էր առաջացրել՝ եթե բանակին օգնությունը չէր հասել, ինչո՞ւ էր Վարդան Ավետիսյանը շնորհակալություն հայտնել, իսկ եթե հասել էր, ինչպե՞ս էր հետո օգնությունը հայտնվել այլ տեղ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Ավետիսյանը պարզաբանումներ ներկայացրեց. «Իսկապես, վերջին օրերին տարաբնույթ տեղեկություններ տարածվեցին՝ հատկապես կապված Մանվել Գրիգորյանի անվան հետ, այն բացահայտումների հետ, որ ամբողջ հանրությունը ականատեսը եղավ եւ իր դատապարտման խոսքը հնչեցրեց: Բացահայտումների ժամանակ անշուշտ, այնտեղ երեւացին 164 դպրոցից հավաքագրած այն օգնությունները, որոնք ուղարկվել էին ազատամարտիկների, ժամկետային զինծառայողների համար, բայց արդյունքում հայտնվել էին Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Այդ օրերին, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի գործողությունները սկսվեցին, ժողովուրդը ապրիլի 4-5-ից սկսած՝ արդեն սկսել էր հումանիտար օգնություն հավաքելը եւ այդ օգնությունը իրականացվում էր տարերայնորեն՝ չիմանալով, թե կոնկրետ որտեղ ինչ հասցեով տանեն եւ ում հասցնեն: Ապրիլյան պատերազմի սկզբի օրից ՊՆ-ն ձեռնամուխ եղավ ազատամարտիկների, աշխարհազորայինների, կամավորականների հավաքագրմանը: Հավաքագրման տեղավայրից, որը հիմնականում 5-րդ բանակային կորպուսի տեղակայման վայրն էր, անձամբ ես հավաքագրում էի աշխարհազորայիններին, կամավորականներին, հաշվառում էինք, սպառազինում, հագուկապ տալիս, հրահանգավորում եւ ըստ ԳՇ կողմից նշված ուղղությունների՝ առաքում: Այդ մարդկանց հետ մենք զենք-զինամթերքից բացի դնում էինք նաեւ 1 օրվա օրապահիկ՝ ամբողջ ճանապարհի համար: Այդ օրերին, լինում էր այնպես, որ այն տղաները, որ գալիս էին մեկնելու, իրենց հետ բերում էին հարեւաններից, ընկերներից, անհատ ձեռներեցներից օգնություններ եւ իրենց հետ մեկնող մեքենաներով տանում էին: Այդ տարերայնորեն հավաքագրվող  օգնությունները շարունակվեց մինչեւ ապրիլի 8-ը: Ապրիլի 8-ին, երբ հրապարակվեց ՀՀ կառավարության 267 ա որոշումը՝ հումանիտար օգնությունները համակարգելու մասին, այն դրվեց ԱԻՆ-ի վրա եւ տարերայնորեն կազմակերպվող օգնությունները դադարեցվեցին: Բոլոր օգնությունները ուղղորդվում էին արտակարգ իրավիճակների նախարարություն եւ այնտեղ, ինչքան ես իրազեկված եմ, ստեղծվել է հանձնաժողով՝ այդ օգնությունները ընդունելու, հաշվառելու, հավաքագրելու, դասակարգելու: Այդ հանձնաժողովի պատասխանատուն աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, իսկ հավաքագրված օգնությունները մեքենաներով հիմիկվա պաշտոնաթող գեներալ Մուշեղ Ղազարյանն էր ուղղորդում եւ տանում էր Արցախ»:

Վարդան Ավետիսյանն ասաց, որ Արցախում էլ կառավարության որոշմամբ ստեղծված նմանատիպ հանձնաժողովն էլ, որը զբաղվում էր հումանիտար օգնությունները բաշխելու, հավաքելու գործով, ղեկավարում էր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Ինչ վերաբերում է 164-րդ դպրոցի հումանիտար օգնությանը՝ Վարդան Ավետիսյանն  ասաց. «Դպրոցի տնօրինությունը 200 հազար դրամի չափով օգնություն էր հավաքել՝ գրեթե 10 արկղ, տիկին Ներսիսյանը զանգահարել էր ինձ եւ խնդրել էր, որ «Զինուժի» նկարահանողներին ուղարկեմ այնտեղ՝ իրենց հավաքագրած օգնությունը հավուր պատշաճի լուսաբանվի, սահմանված կարգով հասցվի ազատամարտիկներին եւ ուղարկվի դիրքեր: Ես ընդառաջ գնացի տիկին Ներսիսյանին, այնտեղ ուղարկեցի օպերատորներ «Զինուժից», ուղարկեցի մեքենա, նրանք այդ արկղերը բերեցին 5-րդ բանակային կորպուսի կենտրոնացման շրջան: Այդ օգնությունը համընկել էր այն խմբաքանակի հետ, որ պետք է ուղարկեինք Արցախ եւ դա Երկրապահի հերթական խմբաքանակն էր: Մենք այդ օգնությունը տրամադրեցինք ԵԿՄ-ի պատասխանատուներին՝ իրենց ստացած 1 օրվա օրապահիկի հետ միասին: Նրանք տեղավորեցին իրենց մեքենաների բեռնախցիկներում, ճանապարհվեցին դեպի Արցախ»:

Հարցին՝ ԵԿՄ-ի հետ օգնությունը ճանապարհելուց այն կողմ այլեւս վերահսկողություն չի՞ եղել բեռների վրա՝ տեղ հասան- չհասան՝ Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Երբ մեքենաները ճանապարհվեցին դեպի Արցախ, ուղեկցում էին ոստիկանական մեքենաներ: Այդ օգնությունները, մասնավորապես, 164-րդ դպրոցի կողմից ուղարկված արկղերը թե ինչպես են  հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում, ես ենթադրում եմ 2 տարբերակ՝ կա՛մ այդ արկղերը գնացել են Արցախ եւ Արցախից հետ են եկել ու հայտնվել ամառանոցում, կամ էլ այդ ավտոբուսները՝ մարդատար մեքենաները, երբ արդեն ճանապարհվել են Արցախ, իրենք ճանապարհից շեղվել են, մտել ԵԿՄ վարչություն, վարչությունում բեռնաթափվել են ու այնտեղից էլ հայտնվել ամառանոցում, այլ տարբերակ գոյություն չունի, չէին կարող 5-րդ բանակային կորպուսի հավաքատեղիից այդ արկղերը հենց այնպես դուրս գային, բացառվում է նման բան»:

Հարցին՝ այս օրերին ՊՆ-ին հասցեագրված, բայց տեղ չհասած այդ օգնությունների հետ կապված սլաքներն ուղղվում են ՊՆ-ին, որ ինչո՞ւ պատշաճ վերահսկողություն չի եղել այդ օգնությունների վրա: Փաստորեն, դուք ասում եք, որ այդ ժամանակահատվածում պատասխանատուն ԱԻՆ-ն է եղե՞լ, ոչ ՊՆ-ն՝ գեներալը պատասխանեց. «Այո, ցավոք սրտի, այսօր այնպիսի հանրային ընկալում կա, որ այդ օրերին ՊՆ-ն է իրականացրել  բոլոր տեսակի օգնությունների համակարգումը, հավաքագրումը, տեղափոխումը, բայց իրականում այդ գործառույթը կառավարության որոշման համաձայն իրականացնում է ԱԻՆ-ը: Մինչեւ ապրիլի 8-ը մարդիկ ինքնաբերաբար այդ օգնություններն առաջարկում էին ՊՆ-ին: ՊՆ-ի վրա ի պաշտոնե նման գործառույթ դրված չի եղել եւ ՊՆ-ն նման գործառույթով չի զբաղվել: Այն մարդիկ, բացառիկ, եզակի դեպքեր, որոնք ցանկացել են, որ իրենց կողմից տրված օգնությունները հասնեն ազատամարտիկներին, իրենց հարեւան-բարեկամներին, կամավորականներին, միայն այդ բացառիկ դեպքերում է, որ ՊՆ-ի կողմից է իրականացվել, մնացած բոլոր  օգնությունները ՊՆ չեն հասել. «Եղել են բացառություններ, որ ՊՆ-ին են դիմել, ՊՆ-ն սահմանված կարգով այդ օգնությունները մուտքագրել է ու հասցրել զինված ուժերին»:

Վարդան Ավետիսյանը պատմեց, որ դեպք է եղել, երբ հայրենասեր գործարարներից մեկը՝ Արթուր Սարգսյան անունով, 1 տոննա ձուկ է ուզել փոխանցել զինվորներին՝ ՊՆ-ի միջոցով: Նման առանձին դեպքերում ՊՆ-ն ինքն է զբաղվել ու տեղ է հասցրել. «Ես ուղղորդել եմ թիկունքի վարչություն, վարչությունը ձուկը վերցրել է, լաբորատոր ստուգումներ է անցել եւ այդ ձուկը հասցրել է տեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930