Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ մյուս տարվա մարտ-ապրիլին հնարավոր կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Սերգեյ Բագրատյան

Հունիս 22,2018 17:25

ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է՝ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) շուրջ քննարկումները երկու տարբեր ձևաչափերով լինեին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, որպեսզի ավելի մոբիլ աշխատանք իրականացվեր:

«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բագրատյանը հիշեցրեց՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ ԸՕ-ի փոփոխությունների հանձնաժողովի նիստ, որը ձևակերպվեց որպես նախանիստ, որոշում չընդունվեց, առաջին նիստը կհրավիրվի հուլիսի 4-ին, որին կմասնակցեն 4 խմբակցություններից 3-ական պատգամավորներ:

Անդրադառնալով իրենց առաջարկած փոփոխություններին՝ պատգամավորը նշեց. «Առաջին փոփոխությունն այն է, որ համամասնական ընտրական համակարգն ամբողջությամբ անցնի հարյուր տոկոսի, այլևս բացառենք վարկանիշային ընտրակարգը: 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին բավականին խնդիրներ առաջացան այն իմաստով, որ հիմնականում բաժանվեց փող, ընտրակաշառք, կիրառվեցին վարչական լծակներ: Բացառելով այդ համակարգը՝ կնվազեցնենք ռիսկերը: Երկրորդ թեզն է կրկնաքվեարկությունների բացառումը: Ցավոք, այս դեպքում մենք ունենք բավականին բարդություններ ժամանակի իմաստով, որ հնարավոր է չստացվի մինչև արտահերթ ընտրությունները: Առաջարկում ենք այլընտրանքային տարբերակ՝ մատների թանաքի միջոցով բացառել կրկնաքվեարկությունները: Կարևոր ենք համարում ակտիվ և պասիվ ընտրական ցուցակները: Ակտիվ են այն ընտրացուցակները, որ կոնկրետ մասնակիցների թիվն արձանագրվում է ՀՀ-ում գտնվելու իմաստով, պասիվ է այն ընտրազանգվածը, որն ունենալով ՀՀ-ում գրանցում, գտնվում է արտերկրում: Երկու ցուցակները համադրելով՝ կարող ենք բացառել բացակա ընտրողների փոխարեն քվեարկության կազմակերպումը»:

Սերգեյ Բագրատյանը հավաստիացրեց՝ փոփոխությունների հիմնական նպատակն է արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը. «Եթե կարողանանք իրականացնել կարևորագույն այս խնդիրը, մենք կունենանք այլևս նոր որակի երկիր և վստահ կարող ենք առաջընթաց արձանագրել: Այս պահին ներքաղաքական իրականությունն այնպիսին է, որ թեև գործող կառավարությունն ունի համաժողովրդական քվե, բայց դեռ դասական իմաստով կառավարություն և դասական իմաստով գործող ինստիտուտներ չունենք, քանի որ պետք է ընտրել ԱԺ և ձևավորել կառավարություն: Այն կառավարման համակարգը, որ այժմ կա, անցումային է: Եթե հնարավոր լինի մինչ այդ նաև իշխանության երեք թևերը՝ դատական, գործադիր և օրենսդիրը, տարանջատել, դա կլինի արդյունավետ»:

Հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարոն Բագրատյանը պատասխանեց. «Վարչապետը հայտարարեց նոյեմբեր ամիս, որից հետո հաշվարկները ցույց տվեցին, որ կարող է մինչև մեկ տարի տևել: Հետո էլ լրատվական արտահոսք տեղի ունեցավ, իբր սեպտեմբերին պիտի կայանան: Մեր տրամաբանության և վերլուծության արդյունքում ես կարծում եմ, որ մարտ-ապրիլին հնարավոր է հասցնենք պատրաստ նոր ԸՕ ունենալ և Վենետիկի հանձնաժողովով փորձաքննության անցած իրավիճակ ունենալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԵՄ գործընկերները կարևորում են, որ փոփոխություններից հետո վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակ է պետք, որ նոր ընտրակարգին ադապտացվեն ուժերը: Եթե սեպտեմբերին փոփոխությունները լինեն և Վենետիկի հանձնաժողով ուղարկվեն, դեռ ժամանակ է պետք, որ միջազգային կառույցների կողմից ընդունելի լինի, և խնդիրներ չունենանք»:

Իրենց կողմից հնչած այն հայտարարությունները, թե «Ծառուկյան դաշինք»-ն ի վիճակի է 50 տոկոսով անցնել խորհրդարան, պարոն Բագրատյանը մեկնաբանեց՝ առաջնորդվել ենք դասական իմաստով, ոչ թե հաշվի առել տվյալ պահի քաղաքական իրավիճակը:Ուստի ճաշակի խնդիր է մոտենալ այդ հայտարարությանը դրական կամ բացասական:

ՀՀԿ-ի ներկայիս դիրքորոշումը ԸՕ-ի հետ կապված պարոն Բագրատյանը դրական համարեց, քանի որ սկսել են մասնակցել քննարկումներին և վարկանիշային ընտրակարգը ևս քննարկման առարկա են դարձնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930