«Սասնա ծռեր» զինված խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող գործով նիստում այսօր ներկայացան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը: Հիշեցնենք՝ նրանք երաշխավորագիր են ստորագրել եւ գումար վճարել առ այն, որ ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանը, Գեւորգ Իրիցյանը եւ Վարդան Գերավետյանը կալանքից ազատվելու դեպքում պատշաճ կերպով ներկայանալու են դատաքննությանը:
Դատավորը պատգամավորներին բացատրեց, որ ամբաստանյալները ծանր հանցագործությունների կատարման համար են մեղադրվում, Զոհրաբյանն ու Բագրատյանն էլ հաստատեցին երաշխավորագիրը: Դատարանն այն ընդունեց ի գիտություն եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու նշյալ ամբաստանյալներին կալանքից ազատելու հարցը:
Պատգամավորները հեռանալիս ձեռքով բարեւեցին ամբաստանյալներից մի քանիսին:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան», ինչպես նաեւ «Ելք» խմբակցությունների պատգամավորների երաշխավորագրերի հիմքով վերջերս զինված խմբի անդամների մի մասը ազատվել է կալանքից:
Նույն հիմքով ազատության մեջ է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, որը ներկայանում է «ծռերի» գործով նիստին, սակայն լրագրողների հետ շփվել չի կամենում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ