Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է 2016 թվականի նոյեմբերին, Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով դատավարությունը: Դատարանում էին պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացրել պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար:
Մտնելով դատարանի դահլիճ, Սասուն Միքայելյանը հումոր արեց. «Էլի ե՞ք դատելու ինձի»: Դատավորը հակընդդեմ հարցով պատասխանեց. «Հերիք չի՞»:
Մանրամասները`տեսանյութում
Դատավորը պատգամավորներին զգուշացրեց, որ մարդն, որի համար իրենք երաշխավորություն են ներկայացրել, մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության`պետական հեղաշրջման մեջ: Պատգամավորները պնդեցին իրենց երաշխավորությունը:
Նիստը հետաձգվեց, միջնորդությունը կքննվի հաջորդ նիստում, որը կկայանա երկուշաբթի օրը, ժամը 16.00-ին:
Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ ավելի վաղ չէր երաշխավորում Վահան Շիրխանյանի համար, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Նոր են դիմել, շուտ դիմեին, շուտ կերաշխավորեի»: Նա ասաց նաեւ, որ ինքը այս գործը շինծու է համարում, հիմա էլ իշխանություն է փոխվել, հույս ունի, որ արդար դատավարություն կընթանա: Հիշեցրեց, որ Վահան Շիրխանյանին շատ վաղուց է ճանաչում:
Այս գործով 2,5 տարի կալանքի տակ գտնվող Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի կալանքը փոխելու միջնորդությունները դատարանն այսօր մերժեց: Դատավորն ասաց`համապատասխան հիմքեր չկան: Իսկ Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները փոխվեց. կալանքը փոխարինվեց ստորագրությամբ չհեռանալու մասին: Նրանց համար, հիշեցնենք, անձնական երաշխավորություններ են ներկայացրել նաեւ «Մեծն Տիգրան» եւ «Հատուկ գունդ» ազատամարտիկների միությունները:
Դատավորի այս որոշումը հարուցեց Վլադիմիր Առաքելյանի եւ Խաչիկ Ավետիսյանի հարազատների վրդովմունքը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ