Aravot.am-ը տեղեկացրել էր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի ֆեյսբուքյան գրառման մասին, որով նա վերջերս դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, լրագրողներին ու հայտնել, թե ինչպես են քոլեջի տարածք մտել «Ռեսթարտ» նախաձեռնության ներկայացուցիչները` ներառյալ իրենց շրջանավարտ Փայլակ Թեւանյանը: Վերջիններս դիմել են իրավապահներին ու ինչ-ինչ մեղադրանքներ հնչեցրել Մնացականյանի հասցեին:
Տիկին Մնացականյանից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնից գրավոր տեղեկացվել է, որ որոշում է կայացվել Փայլակ Թեւանյանի ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հիշեցնենք, որ քոլեջի ուսանողներն ու շրջանավարտը տնօրենին մեղադրում էին իբր ընդհատակյա արտադրամաս ունենալու եւ այլնի մեջ, ինչի առիթով էլ կրթության փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ Աննա Մնացականյանը խնդրել էր աուդիտ անցկացնել իրենց կրթօջախում:
Միջին մասնագիտական հաստատությունների վերաբերյալ մեր անդրադարձն` առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ