Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Այսուհետ եթե որեւէ մեկը կփորձի արատավորել իմ անունը՝ անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում»

Հունիս 22,2018 14:26

Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը եւ հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»:

Այս կիսակառույց շինությունը, այո, պատկանում է ինձ եւ դրա վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը բացահայտում չէ: Բազմաթիվ առիթներով ոչ թե որեւէ մեկի հայտարարությանն արձագանքելով, այլ ինքս իմ հարցազրույցներում խոսել եմ այդ մասին: Երբեւէ չեմ թաքցրել, որ արդեն 8-րդ տարին է կառուցում եմ այդ շինությունը, որն ավարտին հասցնելու համար դեռ տարիներ կպահանջվեն: Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը, նշված շինության կառուցապատման նպատակով վերցված երկարաժամկետ վարկը, ինչպես նաեւ նշված կիսակառույց շինությունը նշված են իմ հայտարարագրում, որը բաց է եղել եւ հասանելի ցանկացած քաղաքացու համար:

Մշտապես հայտարարել եմ, այժմ էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես բաց եմ օրենքով սահմանված ստուգումների համար: 10 տարի ծառայել եմ եւ շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ պետական պաշտոնը համարելով առաքելություն: Երբեւիցե ուղիղ կամ միջնորդավորված պետական գնումների որեւէ գործընթացի չեմ մասնակցել, որեւէ ապրանքի ներկրման եւ արտահանման գործարքում նույնիսկ միջնորդավորված չեմ եղել: Եթե կապացուցվի, որ ես երբեւէ անգամ 1 լումա գիտակցված կամ անփութորեն մսխել եմ հանրային միջոցներից, պետական բյուջեից, երբեւէ մասնակցություն եմ ունեցել որեւէ անօրինական գործարքի կամ եղել եմ որեւէ կոռուպցիոն սխեմայում, պատրաստ եմ կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ եթե որեւէ մեկը կփորձի արատավորել իմ անունը եւ մոդայիկ դարձած ժողովրդահաճո անվանարկումներով էժան հեղինակություն ձեռք բերել՝ զրպարտությամբ, անկախ իմ պաշտոնական դիրքից, պաշտպանելու եմ պատիվս դատարանում: Սթափվեք, տիկնայք եւ պարոնայք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930