Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երևանում բոլոր հարցերը որոշում է քաղաքապետը, որը ծիծաղելի է Երևանի մասշտաբի քաղաքի համար». Գլենդելի քաղաքապետ

Հունիս 22,2018 14:09

«ԱՄՆ-ում ամեն օր մարդիկ հետևում են հայաստանյան նորություններին և ակնկալում նոր բացահայտումներ: Գիտակցում են, որ դրանք իրական հետևանքներ են ունենալու»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույց-ասուլիսին անդրադառնալով վերջին օրերին ՀՀ-ում տեղի ունեցող ձերբակալություններին՝ հայտարարեց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Նշենք, որ Զարեհ Սինանյանը ծնվել է Հայաստանում, 30 տարի առաջ է տեղափոխվել ԱՄՆ, առաջին անգամ ընտրվել է Գլենդելի քաղաքապետ 2013-ին, երկրորդ անգամ էլ ընտրվել քաղաքապետ 2018-ի ապրիլի 4-ին:

Հարցին՝ ԱՄՆ-ում բնակվող հայերը չե՞ն ցանկանում ներգաղթել Հայաստան, Գլենդելի քաղաքապետը վստահեցրեց՝ կան մարդիկ, որոնք ոչ միայն պատրաստ են, այլ արդեն բռնել են ներգաղթի ճանապարհը. «Կա մարդկանց խավ, որոնք հոգեբանորեն կապված են Հայաստանի հետ և արդեն մտածում են տոմս գնելու և վերադառնալու մասին: Մի խումբ էլ կա, որոնք պոտենցիալ ներգաղթողներ են. սոցիալապես անապահով խավն է: Չնայած թյուր կարծիքին, որ ԱՄՆ-ում լավ են ապրում, բոլորը լավ չեն ապրում: Հատկապես Հարավային Կալիֆորնիայում կյանքն այնքան է թանկացել, որ մարդիկ հարմար տուն վարձակալելու համար նահանգից են հեռանում: Նրանց մեծ մասը տարեցներ են: Ուստի այդ անձանց լուրջ հոսք կարելի է ստեղծել դեպի Հայաստան»:

Դառնալով ԱՄՆ-ում ՀՀ-ից ներգաղթածների շրջանում գոյություն ունեցող դժվարություններին՝ պարոն Սինանյանն ասաց. «Ներգաղթյալներն ունեն հաստատվելու դժվարություններ, շատերն ունեն կրթություն, աշխատանքային փորձ, սակայն, դա այսպես ասած, չի անցնում ԱՄՆ-ում, դա որևէ մեկին չի հետաքրքրում: Երեխաների համար ամենահեշտն է, չնայած իրենք էլ իրենց միջավայրից են կտրվում»:

Հիշեցմանը՝ տեղական ինքնակառավարումն ամենալուրջ խնդիրներն ունեցող և ամենաքիչ զարգացած համակարգերից է ՀՀ-ում և հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտաք, պարոն Սինանյանը պատասխանեց. «Ներկա քաղաքապետի օրոք բոլոր հարցերը Երևանում որոշում է քաղաքապետը, որը ծիծաղելի է Երևանի մասշտաբի քաղաքի համար: Քաղաքապետը պետք է ադմինիստրատիվ փորձ ունեցող մի անձ լինի, վստահելի երեք-չորս մարդիկ ունենա, որոնք էլ կկառավարեն որոշ բնագավառներ, և մեխանիկորեն ամեն ինչ պիտի աշխատի: Երևանի ավագանին չի գործում, քանի որ նրանց մեծ մասը որևէ առնչություն չունի ոչ քաղաքային կառավարման, ոչ քաղաքականության հետ, մասնագիտական տվյալներ և կրթություն չունի»:

Այն, որ ՀՀ-ի տեղական քաղաքները հիմնականում դոտացիաներով են գոյատևում, պարոն Սինանյանն արձագանքեց. «Մենք որպես այդպիսին դոտացիա չենք ստանում. ստանում ենք գրանտներ, որոնք չնչին մասն են կազմում: Մեր բյուջեն մոտ մեկ միլիարդ դոլար է: Գումարները գալիս են հարկերից՝ ԱԱՀ, անշարժ գույքի հարկ»:

Զարեհ Սինանյանը նաև տեղեկացրեց, որ 5-6 օրերի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելելու է Լոս Անջելես և հանդիպելու է բիզնես շրջապատի հետ: Ըստ նրա՝ դա դրական քայլ է: Ըստ Գլենդելի քաղաքապետի՝ ուղերձն այն է լինելու, որ իրավիճակ է փոխվել և պետք չէ վախենալ Հայաստանից. օրենքը ձեզ պաշտպանում է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930