Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սիմոնյան. «Ընկերս հաշմանդամություն չուներ, բայց պայքարում էր, որ խանութի ավտոմատ բացվող դռները վերանորոգվեն»

Հունիս 22,2018 13:40

Միքայել Սիմոնյանին, որը ներկայումս սովորում է ԱՄՆ-ում, հանդիպեցինք Իջեւանի Ինֆոտանը` հունիսի 21-ին կայացած «Ներառական կրթության դերը Տավուշի մարզի կրթական համակարգում» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկման մյուս մասնակիցն էլ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանն էր:

«Հայաստանում ինչքան էլ խնդիրներ ունենանք, այնուամենայնիվ, առաջընթաց կա թե վերաբերմունքի, թե կրթության որակի բարելավման առումով: Իհարկե, կա նաեւ ինչ-ինչ վերաբերմունք ֆիզիկական, հենաշարժողական խնդիրներ, հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ…Ամեն դեպքում, առաջընթաց է, որ անցում է կատարվում համընդհանուր ներառականության:

Օրինակ, ԱՄՆ-ում, այսպես կոչված, հատուկ դպրոցներ գոյություն չունեն, քանի որ երեխաներին տեսակավորելը, նրանց առանձին հաստատություններում սովորելու տեղավորելը թյուրիմացություն է: Էլ որտե՞ղ պետք է երեխան շփվի իր հասակակիցների հետ, եթե ոչ դպրոցում: Մենք նաեւ չենք բացառում, որ բացառիկ դեպքերի պարագայում որոշ երեխաներին անհրաժեշտ է տնային կրթություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Սիմոնյանը:

Նրա կարծիքով. «Շատ կարեւոր է հասարակության մտածելակերպը, եթե նույն դպրոցի ուսուցիչը, տնօրինությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային վերաբերվի ինչպես իրենը, այդ պարագայում մենք կունենանք հասարակություն, որն անտարբեր չէ երեխայի խնդիրների հանդեպ, նույնիսկ իր ռեսուրսներով հասարակությունը կաջակցի երեխայի մատչելիության ապահովման համար, կունենանք պատասխանատու հասարակություն»:

Միքայելը ԱՄՆ-ի իր դասընկերներից մեկին օրինակ բերեց. «Իմ դասընկերներից մեկը, որը չունի հաշմանդամություն, նաեւ բացի ինձանից, հաշմանդամություն ունեցող այլ ընկեր չունի, մեկ ամսից ավելի պայքարում էր, որպեսզի մոտակա խանութի ավտոմատ բացվող դռները վերանորոգվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մենք ունենք մի դեպք, երբ մարդն անհանգստանում է իր համայնքի համար: Սա ներառական հասարակության ամենաբարձր դրսեւորումն է…Այսպիսով, բացի նրանից, որ մեր երկրում անհրաժեշտ են ինչ-ինչ օրենսդրական փոփոխություններ, մեզ նաեւ պետք է, որ հասարակությունը անտարբեր չլինի մարդկանց խնդիրներին:

Չպետք է մտածել, որ եթե ես այսօր չունեմ խնդիր, իմ հարազատը չունի, ուրեմն մենք ապահովագրված ենք ամբողջ կյանքում հաշմանդամություն ստանալուց, պետք է գիտակցել, որ ներառական կրթությունը բոլորիս համար է: Ու այն, ինչ ստեղծում ենք այսօր, դա ապագա սերունդների համար է»:

Միքայել Սիմոնյանի ձեւակերպմամբ. «Մարդուն բնութունից տրված է հրաշալի կարողություն` ուրիշի վիճակը զգալու, ուրիշին կարեկցելու: Երեխաների մոտ դա ավելի վառ է դրսեւորվում: Եվ եթե ներառման մտածելակերպը ձեւավորվի մանկապարտեզից, ավելի փոքր տարիքից, ու երեխաների վրա չլինի ծնողների մտածողության բացասական ազդեցությունը, մենք հետագայում որեւէ խնդիր չենք ունենա, քանի որ երեխաների ըմբռնողականությունը մեծահասակների ընկալումներից տարբեր է: Երեխաները ավելի ընդունող են, ավելի հանդուրժող, նրանք ավելի քիչ կարծրատիպեր ունեն: Իսկ այսօրվա երեխաները վաղվա ուսուցիչներն են, բժիշկները, քաղաքական գործիչներն ու որոշում կայացնողները»:

Հավելենք, որ Ինֆոտունը տեղեկատվական ռեսուրս կենտրոն է, որն ակտիվորեն մասնակցում է համայնքային կյանքին՝ իրականացնելով մի շարք միջոցառումներ, դասընթացներ, հանդիպումներ և քննարկումներ։ Երիտասարդ ակտիվիստների կողմից գործունեություն ծավալող Ինֆոտների ցանցը գործում է Հայաստանի 8 քաղաքներում՝ Իջևան, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Մարտունի, Արարատ, Վայք և Սյունիք։ Ինֆոտուն ծրագիրն Իջեւանում իրականացնում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հյուսիսային մասնաճյուղը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930