ՀՀ վարչապետ
պրն Նիկոլ Փաշինյանին
Պատճենները՝
ՀՀ արդարադատության նախարար
պրն Ա․ Զեյնալյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար
պրն Ա․ Հարությունյանին
Հարգելի՛ պրն վարչապետ,
Մենք՝ Արմեն և Վիգեն Թումանյաններս, «Թումո դիզայն» ՍՊԸ-ի համահիմնադիրներն ենք։ Ժառանգելով «Թումո» անունը մեր պապերից՝ Թումանյաններից, այն գործածել ենք դեռևս 2002թ.-ից որպես մեր ստեղծագործական աշխատանքների տարբերանշան՝ հույսով, որ հետագայում այն կավանդենք նաև մեր ժառանգ Թումանյաններին: «Թումո» անվանումով ճանաչելի ենք դարձրել մեր արտադրանքը, ինչը հանրությանն ավելի հասանելի ներկայացնելու նպատակով 2005թ.-ին գրանցել ենք tumo.am կայքը:
Ժամանակի ընթացքում ձևավորել ենք ստեղծագործական թիմ և 2008թ.-ին հիմնել «Թումո դիզայն» ՍՊԸ-ն (գրանցման համարը՝ 264.110.08359): Կազմակերպությունը զբաղվում է դիզայնով, անիմացիայով, ֆիլմարտադրությամբ և լուսանկարչությամբ: Գործունեության ողջ ընթացքում հանդիսացել ենք բարեխիղճ հարկատու, հաղթահարել ենք ֆինանսական և տնտեսական ճգնաժամեր, սակայն շարունակել ենք զարգացնել մեր փոքր բիզնեսը, ստեղծել ենք աշխատատեղեր, ներդրում ենք ունեցել գրաֆիկական դիզայնի և անիմացիայի կրթության, ինչպես նաև փորձի փոխանակման բնագավառներում՝ ոլորտի զարգացման և երկրում մեր փոքր լուման ներդնելու տեսլականով:
Որոշելով ձևակերպել «Թումո» անվանումը գործածելու մեր իրավունքը՝ 2011թ.-ին դիմել ենք Մտավոր սեփականության գործակալություն։ Վերջինս, օրենքով սահմանված կարգով անցկացնելով անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները, կատարել է «ԹՈՒՄՈ» և «TUMO» ապրանքային նշանների գրանցումը (Մտավոր սեփականության գործակալության վկայականներ N17937, N17938):
Դրանից հետո, ի զարմանս մեզ, տեղեկացանք, որ Սիմոնյան կրթական հիմնադրամը փորձել է գրանցել շփոթության աստիճան նման ապրանքային նշաններ այն ոլորտներում, որտեղ մենք գրանցված ենք և գործունեություն ենք ծավալում և,
Մտավոր սեփականության գործակալության կողմից մերժում ստանալով, դատի է տվել վերջինիս: Հայցի պահանջն է անվավեր ճանաչել «ԹՈՒՄՈ» և «TUMO» ապրանքային նշանների նկատմամբ «Թումո դիզայն» ՍՊԸ-ի իրավունքների գրանցումը և այն գրանցել որպես Սիմոնյան կրթական հիմնադրամի իրավունք:
2012թ.-ից, օգտագործելով իշխանության ամենաբարձր օղակների դրական վերաբերմունքը և դատական տարբեր ատյաններում բարձրաձայնելով իշխանությունների օժանդակության մասին, հիմնադրամը ճնշում է գործադրում ոչ միայն դատական համակարգի, այլ նաև պետական կառույցների վրա: Մասնավորապես, դատական գործընթացն արհեստականորեն ձգձգում է, Սիմոնյան կրթական հիմնադրամը շարունակաբար գործածում է ԹՈՒՄՈ ապրանքային նշանը որպես իր ծառայությունների տարբերակիչ: Իսկ 2014թ.-ին Մտավոր սեփականության գործակալությունը գրանցեց նախկինում մերժված ապրանքային նշանը Սիմոնյան կրթական հիմնադրամի անունով, ինչի պատճառով դատական ևս մեկ գործընթաց սկսվեց:
Այս իրավիճակը, բնականաբար, շփոթության և շահերի բախման պատճառ է դառնում, ազդում մեր բնականոն տնտեսական գործունեության վրա՝ որոշ դեպքերում նույնիսկ բացարձակ անարդար քննադատության ենթարկելով մեզ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ կորցրել ենք վստահությունը արդարադատության հանդեպ և, ենթադրելով, որ ի վերջո վճիռը մեր դեմ կլինի՝ ստիպված մեր հույսը կապում ենք եվրոպական դատական ատյանների հետ:
Ապավինելով Նոր Հայաստանում ձևավորված քաղաքական կամքին՝ ունենալ անկախ դատական համակարգ՝ խնդրում ենք Ձեզ այն ազատ պահել իշխանությունների ճնշումներից և երաշխավորել օրենքի տառին համապատասխան որոշումների կայացումը և համահավասար իրավունքների պաշտպանությունը ցանկացած բիզնեսի համար:
Համահիմնադիրներ`
Թումանյան Արմեն
Թումանյան Վիգեն
29 մայիսի, 2018թ.