Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգում է իրականացվում: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Իրավապահ մարմինները հաշվի չեն առնում այն փաստը, որ նա ծանր հիվանդություններ ունի, եւ նրան կալանքի տակ են առել: Միջազգային իրավական նորմերով սա դասվում է պետության կողմից իրականացվող հանցագործությունների թվին եւ համարվում է անձի խոշտանգում»,-հայտնեց փաստաբանը:
Նա վստահեցրեց՝ Մանվել Գրիգորյանը շահագրգռված է, որ օբյեկտիվ քննություն կատարվի, սակայն դա չի նշանակում, թե հանրությունն ու պաշտոնյաները, խախտելով անմեղության կանխավարկածը, պետք է պիտակավորող հայտարարություններ անեն Գրիգորյանի մասին. «Խորհրդարանում կան մարդիկ, որոնք տարիներով ընտրություններ են կեղծել: Դա ավելի ծանր հանցագործություն է, քան Մանվել Գրիգորյանին վերագրվող արարքը»:
Լեւոն Բաղդասարյանը համաձայնեց լրագրողների դիտարկման հետ, թե Մանվել Գրիգորյանի անվան եւ գործունեության մասին միշտ բացասական տեղեկություններ են շրջանառվել, բայց նաեւ հիշեցրեց. «Վազգեն Սարգսյանը Գրիգորյանի մասին ասել է, որ նա 1994 թվականին Արցախյան պատերազմի վաթսուն տոկոսը եղել է նրա ուսերին: Կարծում եմ՝ ուղղակի պետք է փաստել, որ ազատագրված տարածքների կրողը նաեւ իմ պաշտպանյալն է: Քրեական գործ է հարուցված, չի կարելի անհանդուրժող լինել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Մի քիչ շատ չեղավ՝ «Արցախյան պատերազմի վաթսուն տոկոսը եղել է նրա ուսերին»։ Երևի նկատի է ունեցել ռազմավարը։