Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը: Քիչ առաջ ավարտված նիստում քաղաքի ավագանին արդեն իսկ միաձայն ընդունել է Խլղաթյանի հրաժարականը:
Հիշեցնենք՝ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի պահանջով քաղաքում մի քանի օր բողոքի ցույցեր էին ընթանում:
«Արմավիր» նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Սարգսյանը քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արմավիրում տոն է, մարդիկ տոնում են Խլղաթյանի հրաժարականը»:
Մեր հարցին՝ իրենց համար անակնկա՞լ էր քաղաքապետի հրաժարականը, քանի որ նրա դեմ ընթացող բողոքի ցույցերը բավական սակավամարդ էին, տեղացիները չէին արձագանքում ակտիվիստների կոչերին, Ռազմիկ Սարգսյանը պատասխանեց, որ անակնկալ չէր, քանի որ իրենց պահանջը կոնկրետ ակնկալիքի վրա էր հիմնված:
Ինչ վերաբերվում է ցույցերի սակավամարդությանն էլ, մեր զրուցակիցը ասաց. «Կարեւորը քանակը չէ, այլ մարդկանց կամքն է»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ իր կարծիքով ինչո՞ւ այսպես հեշտ հանձնվեց Ռուբեն Խլղաթյանը, Ռազմիկ Սարգսյանը պատասխանեց. «Կլիներ այսօր, կլիներ երեք օրից, մեկ է՝ պետք է լիներ: Այսպես համ իր գործը հեշտացրեց, համ մեր»:
Aravot.am-ը փորձեց կապվել նաեւ Ռուբեն Խլղաթյանի հետ, նրա հեռախոսը անջատված էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ