Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացի վերոնշյալ պոպուլիստական առաջարկից, Հայաստանում նոր ներդրումներ անելու իրական մտադրություն ունեցողներ չկան. «Հայոց աշխարհ»

Հունիս 22,2018 12:00

Ինչպես նաեւ ներդրումային առաջարկներ եւ փաթեթներ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը շարունակում է ցնցող հայտարարություններ անել:

Խոսքն ամենեւին էլ կենսաթոշակային համակարգին նրա անսկզբունքային դիրքորոշմանը՝ «դեմ» բայց եւ «կողմ» լինելուն չի վերաբերում: Դրա շուրջ նա, ի վերջո, կկողմնորոշվի: Եթե դա ինքնուրույն չկարողանա անել, ապա ստիպված կանի «ամենայն հայոց» վարչապետի «օգնությամբ»: Այս անգամ նախարարի խոսքը ներդրումների մասին է:

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանն արդեն մեկ անգամ, երբ դեռ 10-15 օր էր, ինչ նոր՝ «ժողովրդական» կառավարության նախարար էր, հայտարարել էր, թե բազմաթիվ «նոր» ներդրողներ են հայտնվել: Այս անգամ եւս, կառավարությանը հաջորդած նիստից հետո, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը հայտարարեց, որ կան ներդրողներ, բայց դարձյալ հրաժարվեց անուններ հրապարակել:

Փոխարենը նա հավաստիացրեց, որ խոսքը «բավական մեծ ծավալի ներդրումների մասին է»: «Մեծ» ասվածն, իհարկե, հարաբերական է, բայց խնդիրն այն է, որ, անգամ փոքր ներդրումներ անելու իրական մտադրություններ ունեցողներ չկան, ինչ մնաց՝ «բավական մեծ»:

Գուցե նախարարը «Նաիրիտի» վերագործարկմանը պարբերաբար անդրադարձող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» մասին է՝ կազմակերպություն, որը ստեղծել է մեր հայրենակիցը, բայց որը փաստորեն անհայտ եւ միջոցներ չունեցող կազմակերպություն է ու ոչ մի ներդրումային ծրագիր չի ներկայացրել:

Այլապես, բացի վերոնշյալ պոպուլիստական առաջարկից, Հայաստանում նոր ներդրումներ անելու իրական մտադրություն ունեցողներ չկան: Ավելին՝ կան ներդրողներ, որոնք հրաժարվել են իրենց մտադրությունից կամ սպասողական վիճակում են հայտնվել այն բանից հետո, երբ Հայաստանի կայուն տնտեսական միջավայրը ցնցվեց թավշյա հեղափոխականների «սիրուց եւ հանդուրժողականությունից», իսկ հիմա էլ ցնցվում է նրանց ձեւավորած «ժամանակավոր» կառավարության դիմակներով բեմադրություններից:

Ամեն դեպքում մի բան հստակ է. նախորդ՝ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կողմից ձեւավորված ներդրումային առաջարկները, որոնք տեղադրված են հատուկ այդ նպատակով բացված investmentprojects.am կայքում, անցած մեկուկսես ամսվա ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Ոչ մի նոր ներդրումային առաջարկ կամ փաթեթ նոր կառավարությունը չի մշակել եւ առաջարկել ներդրողներին:

ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930