Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն երկու անգամ ավելի թանկ գին է վճարել «Զինվորի բաժին» մսի պահածոյի դիմաց, քան դրա իրական արժեքն է. «Հայկական ժամանակ»

Հունիս 22,2018 11:27

Հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը երեկ հրապարակեց «Զինվորի բաժին» գրառումներով շոգեխաշած մսի պահածոների մատակարարման վերաբերյալ պաշտոնական տվյալներ։ Ըստ այդմ, 2015-2017 թթ. ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ըստ կնքված մի քանի պայմանագրերի, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից ձեռք է բերել 324 հազար հատ 525 գրամանոց «տուշոնկա», որի արժեքը կազմել է 735 միլիոն դրամ։ Այսպիսով 525 գրամանոց մեկ «տուշոնկայի» գինը կազմել է միջինը մոտ 2270 դրամ։

Երեկ շրջայց կատարեցինք Երեւանի մի քանի մեծ ու փոքր խանութներ, պարզելու, թե որքան արժեն նույն քաշով «տուշոնկաները»։ 525 գրամանոց «տուշոնկայի» գինը 1250 դրամից չի անցնում։ Այսինքն, մեր խանութներում ազատ վաճառվող այդ ապրանքը ավելի քան 1000 դրամով էժան է, քան բանակին մատակարարվող նույն ապրանքը։

Այսինքն, ՊՆ-ն շուկայականից առնվազն 40 տոկոս թանկ գին է վճարել տվյալ ապրանքի համար։ Բայց սա՝ առնվազն։ Իրականում պատկերն ավելի սարսափելի է:

Խնդիրն այն է, որ ՊՆ-ին մատակարարվող «տուշոնկաների» իրական արժեքը շատ ավելի ցածր է: Նախ, խանութում վաճառվող «տուշոնկայի» գնի մեջ ներառված են բազմաթիվ ծախսեր, որոնցից զերծ է ՊՆ-ին մատակարարվող նույն ապրանքը։ Խանութի «տուշոնկայի» գնի մեջ ներառվում է մարկետինգը, դիստրիբուցիան, խանութի վրադիրը և այլն։ ՊՆ-ին մատակարարվող «տուշոնկայի» մեջ նման ծախսեր չկան՝ արտադրեցիր, լցրեցիր բեռնատարը, տարար դատարկեցիր, ու վերջ։ Այս դեպքում գինը կնվազի ևս 20-25 տոկոսով եւ կկազմի ամենաշատը 1000 դրամ՝ 1 պահածոն։

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ «Զինվորի բաժին» պահածոները պատրաստված են գոմեշի մսից, որը էականորեն ավելի էժան է, քան տավարի միսը։ Ըստ դիտարկումների, Հայաստան ներկրվող սառեցված գոմեշի մսի մեկ կիլոգրամի մեծածախ գինը կազմում է 1.8-2 դոլար, կամ մոտ հազար դրամ այն դեպքում, երբ տավարի սառեցված մսի մեկ կիլոգրամի գինը տատանվում է 2.5-2,8 դոլարի՝ սահմաններում։ Այսինքն, նաեւ սրա հաշվին «Զինվորի բաժին» մսի պահածոյի ինքնարժեքը ավելի է նվազում։

Այսպիսով, շատ մոտավոր հաշվարկներով, ՊՆ-ն երկու անգամ ավելի թանկ գին է վճարել «Զինվորի բաժին» մսի պահածոյի դիմաց, քան դրա իրական արժեքն է:

Միայն «տուշոնկայի» դեպքում ՊՆ-ի, այսպես ասենք՝ «անարդյունավետ ծախսը» կազմել է մոտ 410 միլիոն դրամ կամ ավելի քան 850 հազար դոլար։ Իրականում սա «անարդյունավետ ծախս» չէ, այլ պարզ, ցինիկ գողություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930