Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր շտաբի պետը իր պարտականությունները սկսել է փոխարինել հակակոռուպցիոն բացահայտումների մասին հայտարարություններով. «Հայոց աշխարհ»

Հունիս 22,2018 11:18

Հունիսի 20-ին տեղի ունեցած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մամլո ասուլիսում հնչած «օկուպացված տարածքների ազատագրմանը» ադրբեջանական բանակի լիովին պատրաստ լինելու մասին վտանգավոր հայտարարությունն անցած օրերին այդպես էլ որեւէ լրջմիտ գնահատականի չարժանացավ մեր երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարության կողմից։

Նման իրողության համարժեք գիտակցման եւ համապատասխան արձագանքի բացակայությունը զրոյացնում է ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ողջ համակարգի գործունեության իմաստն ու նշանակությունը։

Որեւէ գնահատական չտրվեց նաեւ Ադրբեջանում մշակված, այսպես կոչված, «Մեծ վերադարձ» ծրագրին, որը նախատեսում է ազատագրված տարածքների գրավում՝ այնտեղից ժամանակին հեռացած ադրբեջանցիներին վերաբնակեցնելու համար։ Այսինքն՝ Ադրբեջանը միջազգային ասպարեզում հիմնավորում է իր կողմից նախապատրաստվող պատերազմը, միաժամանակ փորձ անում արդարացնել ծրագրված էթնիկ զտումները։

Իսկ դրանք հիմնավորել ադրբեջանցի փախստականներին իրենց նախկին բնակավայրեր վերադարձնելու անհրաժեշտությամբ, նշանակում է մի կողմ նետել բանակցային գործընթացում այդ հարցի շուրջ ժամանակին մշակված բոլորովին այլ եւ հավասարակշռված մոտեցումները։

Հարց է առաջանում. անտեղյա՞կ է դրան մեր երկրի արտաքին գործերի նախարարությունը, թե՞ դա իրենց չի վերաբերում եւ ընդհանրապես՝ ինչո՞վ են զբաղված նրանք։

Նույնը վերաբերում է նաեւ պաշտպանության նախարարությանը։ Երկրի պաշտպանության համար պատասխանատու թիվ մեկ պաշտոնյան՝ գլխավոր շտաբի պետը իր պարտականությունները սկսել է փոխարինել հակակոռուպցիոն բացահայտումների մասին հայտարարություններով։ Նրա մտքով իսկ չի անցնում հիշեցնել հակառակորդին, որ մենք էլ ունենք փախստականներ, ուստի եթե նրանց վերադարձն ապահովելու խնդիրը փորձ արվի լուծել ռազմական եղանակով, ապա հայկական կողմն իրեն կարող է նույնպիսի իրավունք վերապահել Շահումյանի շրջանում եւ այլ հատվածներում։

Նույն տարօրինակ պահվածքն է ցուցաբերում նաեւ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը։ Նա այդպես էլ չի կարողանում բացատրել, թե Նախիջեւանի սահմանի վրա հակառակորդի ձեռնարկած վերջին քայլերը վտանգո՞ւմ են մեր սահմանամերձ գյուղերը, թե՞ ոչ։

Ստացվում է, որ Հայաստանում ծավալվող հետհեղափոխական զարգացումները մեր երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը վերածել են իրավապահ մարմինների ու դատական իշխանության գործառույթների պարզ կրկնօրինակողների, իսկ երկրի ընթացիկ կառավարման գործառույթները փաստորեն պարապուրդի են մատնված։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930