Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փախստական ընտանիքներ կան, որոնց ոչ միայն տուն չեն տվել, այլեւ զուգարան-բաղնիքից են զրկել

Հունիս 22,2018 14:30

Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքների հարցը մեր երկրում անլուծելի հարցերից մեկն է: 30 տարի է՝ նրանց կարգավիճակը փախստականից ՀՀ քաղաքացու չի փոխվում: Միայն փաստաթղթով է, որ ՀՀ քաղաքացի են, կենցաղով ու ապրուստով այդ ընտանիքները փախստական են: Կենցաղային պայմանների պատճառով այս ընտանիքներին չի հաջողվում ազատվել փախստականի պիտակից: Իսկ այդ պիտակը թույլ չի տալիս ներառվել հասարակություն: 30 տարի շարունակ նամակներով են շփվել իշխանությունների հետ, կարուսելի պես նամակները պտտվել-պտտվել՝ Միգրացիոն ծառայությունում են հանգրվանել: Ամեն անգամ կառավարությունից պատասխանել են` փող չկա, որ ձեր բնակարանային հարցերը լուծենք: Ասել են ու էլի մի քանի տարի նրանց մասին ընդհանրապես մոռացել:
«Եկել ենք մեր ձայնը լսելի դարձնենք, մեր շուրջը նայում ենք՝ մեզնով հետաքրքրվող չկա, մեզ մոռացել են: Ուզում ենք մեր մասին հիշեցնել»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես բացատրեցին իրենց բողոքի ցույց նախաձեռնելու առիթը: Նախ՝ նրանք եկան ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչություն, ապա երթով գնացին կառավարություն: Վարչապետին տեսնելու պահանջ չդրեցին, ասացին, որ հասկանում են` Նիկոլ Փաշինյանը շատ զբաղված է, բայց փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ դեմ չէին հանդիպել: Արդեն Կառավարության շենքի մոտ տեղեկացան, որ փոխվարչապետն էլ շատ զբաղված է: Նրանց բողոքը լսելու դուրս եկավ Արարատ Միրզոյանի օգնականը: Լսեց, խոստացավ, որ հարցը կփոխանցի, որ ուսումնասիրեն:

Այստեղ էին հավաքվել հանրապետության տարբեր մարզերի հանրակացարաններում բնակվող փախստականներ, որոնց հանրակացարաններից մի մասն արդեն սեփականաշնորհվել է: Սակայն սեփականատերերը չեն շտապում նրանց փոխհատուցել: Բողոքի եկած փախստականների խոսքով՝ սպասում են, որ հերթով մարդիկ մահանան, ու նրանցից այդ ճանապարհով ազատվեն, հակառակ դեպքում հանրակացարանը սեփականաշնորհելիս պետության հետ կնքած պայմանագրով պետք է այնտեղ ապրող փախստականներին կա՛մ գումար տրամադրեն, կա՛մ բնակարանով ապահովեն:
«Նաիրի» հյուրանոցում ապրող փախստականների հարցը այդ ճանապարհով էլ չի լուծվում: «Նաիրի» հյուրանոցը, ի տարբերություն հանրակացարանների, որոնք կառավարության որոշմամբ սեփականաշնորհվում են, մի մասի պարագայում էլ սենյակներն են հատկացվում այնտեղ ապրող փախստականներին, չի մտնում այդ ծրագրերի մեջ: Բնակիչները այդ հարցով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանին:

Փախստականները ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունից ակնկալում են, որ հարցը բարձրացվի վերին ատյաններում, քանի որ Հայաստանը ՄԱԿ-ի` փախստականների մասով կոնվենցիաներ է վավերացրել եւ այդ առումով պարտավորություններ ունի:

Սեբաստիա 3 ա հասցեում բնակվող մի քանի ընտանիքներ պատմեցին, որ իրենց տարածքը վաճառված է Մխիթար Գոշ համալսարանին. «Մի քանի ընտանիք համաձայն է, որպեսզի սեփականաշնորհվի, բայց մեծ մասը համաձայն չէ, քանի որ այն ուսումնարանի շենք է, ոչ թե հանրակացարան, սանհանգույցն ընդհանուր է: Թող մեզ հավաստագրեր տան՝ մենք մեզ համար բնակարան կգնենք, կամ միանգամից բնակարաններ տան»,- ասում է Ռիմա Աբրահամյանը:

Նույն հասցեում բնակվող Ստելլա Դադամյանի խոսքով՝ սեփականատիրոջը ձեռք չի տալիս բնակիչներին հանել եւ փոխհատուցել. «Կեսը մահացել են, հույս ունի, որ այդ ճանապարհով փախստականներից կազատվի»:

Այստեղ էլ, ինչպես մյուս հանրակացարաններում, մարդիկ օգտվում են ընդհանուր զուգարան-լոգարանից, խոհանոցից: Ընտանիքների մեծ մասի տներում առաստաղը վնասված է, անձրեւաջրերը տուն են լցվում, ինչպես նրանք են ասում` զուգարանում անձրեւանոցով են նստում:

Այս պայմաններում ու կարգավիճակում են 900-ից ավելի ընտանիքներ:
Բնակիչները պատմեցին, որ նախկին իշխանությունների օրոք որոշ հանրակացարաններում էլ սեփականաշնորհումն այնպես են կազմակերպել, որ համատեղության կարգով նույն զուգարանից ու բաղնիքից օգտվող բնակիչները զրկվել են այդ հնարավորությունից էլ. «Մարդիկ բնական կարիքները տոպրակների մեջ են հոգում՝ նետում, ո՛չ զուգարան ունեն, ո՛չ բաղնիք»: Այդպիսի պայմաններով մարդիկ ապրում են Աբովյանի, Արտաշատի հանրակացարաններում:

Փախստականների իրավունքներով զբաղվում է «Փախստականի ձայն» հասարակական կազմակերպությունը: Հ/կ նախագահ Օկսանա Մարտիրոսյանի խոսքով՝ այդ մարդիկ 30 տարի է՝ ապրում են ժամանակավոր կացարանում. «Ինչպե՞ս կարող է ժամանակավոր կացարանն այդքան երկար լինել: 2009-ից հետո ոչ մի կոպեկ չեն ներդրել այդ խնդիրը լուծելու համար: Արդեն երկար տարիներ այդ մարդիկ նրանց համար պարզապես գոյություն չունեն: Մարդիկ նույնիսկ չեն ինտեգրվել հասարակություն: Ինտեգրումը սկսվում է բնակարանից՝ չհաշված կրթական, աշխատանքի եւ այլ խնդիրներ»:
Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներն իրենց վիրավորված են զգում, որ սիրիահայ փախստականների ու իրենց միջեւ խտրականություն են դնում: Նրանց խոսքով. «Նրանց խնդիրներով զբաղվող նախարարություն կա, դոնոր կազմակերպություններ, մենք չենք ասում՝ նրանք փախստական չեն, բայց գոնե նրանց հարցերով զբաղվողներ կան: Նրանք պատերազմի պատճառով են տեղահանվել, մենք ազգային պատկանելության համար ենք բռնի կերպով տեղահանվել»:

Սվետլանա Նալբանդյանն արդեն 30 տարի է՝ Աբովյան քաղաքի հանրակացարանում է բնակվում: Այստեղ արդեն թոռնատեր այլ փախստական ընտանիքներ էլ կան: Նրա խոսքով. «Մի մասն արտագաղթել են, մի մասը` մահացել, ճիշտ է՝ ապրում ենք, բայց մենք ոչխարներ չենք, մենք մարդիկ ենք, որոնք ուզում են ապրել: Մեզ ունենք տղա երեխաներ, թոռներ, ամեն մեկը ընտանիք ունի՝ 3-4 երեխաներով, բոլորն էլ կարիք ունեն նորմալ ապրելու: 30 տարի է՝ նույն հանրակացարանում ենք, մի կերպ ինչ-որ բան իրար ենք գցել, դասավորել ենք, բայց դա չի նշանակում, որ ապրում ենք, մենք չենք ապրում, գոյատեւում ենք: Թող մի շենք կառուցեն, մարդիկ գնան ապրեն: Ես Կիրովաբադում թողել եմ սեփական տուն` ամեն ինչով, մի շորով դուրս ենք եկել: 30 տարի ապրելուց հետո ուզում ենք, որ մեր երեխաները գոնե մարդ զգան, որ շրջապատում չասեն՝ հանրակացարան է, չասեն՝ փախստական են, արդեն հոգնել ենք, փախստական խոսքը չենք ուզում լսել: 30 տարվա մեջ ինչքա՞ն կարելի է այդ խոսքն օգտագործել, ժողովրդին արհամարհել, մենք արհամարհված ենք: Մենք երկրորդ կարգի ենք կոչվում»:

Աննա Տեր-Գազարովան «Սեբաստիա» հյուրանոցի բնակիչ է: Մինչ այդ «Սեւան» հյուրանոցում է ապրելիս եղել: Նրանց շենքը եւս սեփականատեր ունի եւ, տեղեկությունների համաձայն, սեպտեմբերին դառնում է բժշկական համալսարան. «30 տարվա ընթացքում վարչապետին, ՀՀ նախագահին նամակներ եմ գրել, բայց միշտ մակագրվել են Միգրացիոն ծառայությանը: Այնտեղից էլ ասել են` ֆինանսավորում չկա, սպասեք: Եթե ամեն մի օլիգարխ իր հսկայական դատարկ շենքերից մեկ-երկու բնակարան հատկացնի փախստական ընտանիքներին, մեր հարցը կլուծվի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

21.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930