Պաշտպանի բողոքը պատժի դեմ է, նա խնդրում է կիրառել պայմանական՝ կիրառելով փորձաշրջան:
ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի, ինժեներասակրավորային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Օհանյանը դատապարտվել է մեկ տարով ազատազրկման:
Նա 2017թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ի սահմաններում, զորամասի պահասենյակում նույն զորամասի 2-րդ ջոկի հրաձիգ-զենիթահար, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արամյանի՝ ջուր բերելու պահանջը չկատարելու համար վերջինիս հետ խմբով ծեծի է ենթարկել նույն զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արա Համբարձումյանին՝ Կ. Արամյանի կողմից վերջինիս գլխին զինվորական գոտիով մոտ 30 անգամ հարվածներ հասցնելուց անմիջապես հետո մի քանի անգամ ապտակել է Ա. Համբարձումյանին՝ Ա. Համբարձումյանին պատճառելով ֆիզիկական ցավ:
Պաշտպանական կողմը բողոքով դիմել է դատարան, հայտնելով, որ առաջին ատյանի դատարանը պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտել է այն, որ ամբաստանյալը նախկինում արատավորված չի եղել, ծառայությունն իրականացրել է սահմանամերձ զորամասում, ընդունել է մեղքը եւ զղջացել կատարածի համար, սակայն դատարանն անտեսել է, որ շարքայինը ուսանող է, եւ մինչեւ զինված ուժեր զորակոչվելը՝ 2014-2015 ուստարում ընդունվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հեռակա բաժին՝ «բնապահպանություն եւ բնօգտագործում» մասնագիտությամբ:
Իջեւանի վարժարանի տնօրենի եւ դասղեկի կողմից տրված բնութագրի համաձայն, Արման Օհանյանը ուսումնառության տարիներին իրեն դրսեւորել է որպես կազմակերպված, ընկերասեր աշակերտ: Դասերից անհարգի բացակայություններ չի ունեցել, ակտիվորեն մասնակցել է դպրոցական միջոցառումներին՝ ակտիվ է եղել հատկապես սպորտային միջոցառումների ժամանակ: Բուհից նույնպես նրան զինված ուժեր են ճանապարհել՝ որպես սիրված ուսանողի:
Զինված ուժերում իր կարգապահության համար նա պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, եւ ըստ հրամկազմի դատարան ուղարկված բնութագրի, կարողանում է պահպանել զինվորական գաղտնիք:
Արագացված ընթացակարգ կիրառած դատարանը հաշվի չի առել նաեւ, որ ամբաստանյալի հայրը՝ Զ. Օհանյանը, 1995թ. դեկտեմբերին ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռք է բերել հաշմանդամություն եւ հանդիսանում է 2-րդ կարգի հաշմանդամ, եւ դրանք, ըստ բողոքաբեր պաշտպանական կողմի, կկրկնապատկվեն, եթե ամբաստանյալը պատիժը կրի ազատազրկման վայրում:
«Դատարանը ցուցաբերելով մարդասիրական վերաբերմունք՝ կարող է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, այդ կերպ հնարավորություն տալով ամբաստանյալին շարունակել ուսումը, դառնալով հանրությանը պիտանի անձ եւ հորն օգնել հոգալու ընտանիքի ծախսերը»,- ասում է Արմինե Ղասաբողլյանը (լուսանկարում):
Վերաքննիչ բողոքում նշվել էին Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները, որ «մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը եւ վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեեւ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որեւէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետեւությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաեւ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի եւ բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի եւ բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձեւը եւ տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները եւ այլն»:
Նշվում են Սամսոն Ամիրխանյանի, Արսեն Մկրտչյանի, Վանյա Բեգյանի, Արամայիս Հովհաննիսյանի, Մհեր Հովհաննսիյանի գործերով կայացրած որոշումները։
Այս գործով, ամբաստանյալի կողմից կատարված արարքն ունի նվազ հանրային վտանգավորություն, այն, որ ցանկանում է զորացրվելուց հետո շարունակել ուսումը, իսկ անազատության մեջ գտնվելով, երիտասարդ տղայի ճակատագիրը կխեղաթյուրվի, բացի այդ, ամբաստանյալի ազատազրկումը վատ կանդրադառնա վերջինի ընտանիքի վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կարող է կիրառել պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
21.06.2018