Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները ամրագոտին «չեն տեսել», վարորդը դրա համար պատասխան է տալիս

Հունիս 22,2018 13:30

Մասիսի բնակիչ Մելիքսեթ Պողոսյանի գործով վարչական դատարան չէր ներկայացել պատասխանող կողմը՝ ճանապարհային ոստիկանությունը: Վարչական վարույթների գերակշիռ մասը ՃՈ հայցերն են, կամ նրա դեմ հայցերը:

Սակայն ՃՈ-ն չի հասցնում ներկայանալ, շատ դեպքերում, ինչպես նախորդ օրը, միջնորդել էր, որպես վկա հարցաքննել ճանապարհային ոստիկանության տեսուչին: Բնականաբար, հայցվոր կողմն առարկել էր, պատճառաբանելով, թե տեսուչը վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ բացատրություն տվել է, եւ լրացուցիչ անգամ նրան լսելու անհրաժեշտություն չկա, իսկ դատավոր Մերի Համբարձումյանը մերժեց միջնորդությունը:

Այս տարվա հունվարի 9-ին, ժամը 13:10-ի սահմաններում, Երեւանի Արտաշիսյան փողոցում Մելիքսեթ Պողոսյանի կողմից վարած «Նիսսան» մակնիշի 59 PP 099 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի 4-րդ սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Ղազարյանը եւ նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Գեւորգյանը՝ պատճառաբանելով, թե վարորդը երթեւեկել է անվտանգության գոտին չամրակցված վիճակում: Մ. Պողոսյանն առարկել է տեսուչների գործողություններին եւ հայտնել, որ ինքը երթեւեկել է ամրագոտիով եւ որ չի կատարել որեւէ իրավախախտում, միաժամանակ պահանջել է ներկայացնել իրավախախտումը հիմնավորող ապացույց: Վարորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ղասաբողլյանի տեղեկացմամբ, տեսուչներն առանց որեւէ ապացույց ներկայացնելու, չընդունելով Պողոսյանի առարկությունները, կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն եւ տուգանք նշանակելու մասին որոշում, որը վարորդը հրաժարվել է ստորագրել:

Վարորդը հրավիրվել է ճանապարհային ոստիկանություն՝ գրավոր բացատրություն տալու համար: Փոստային առաքման միջոցով ստացվել է ՃՈ պետ Ե. Կարապետյանի կողմից փետրվարի 15-ին կայացված «վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» որոշումը:
Դատարանում Ա. Ղասաբողլյանն ասաց, թե նշյալ որոշմամբ պաշտոնատար անձը չի շարադրել իր վստահորդի բերված փաստարկների եւ պահանջի մերժման հիմնավորումները եւ պատճառաբանությունները: Հետեւաբար, ըստ նրա, այն եւս կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ, իսկ իրավական հետեւանքը եղել է այն, որ վարորդի վրա դրվել է պետական բյուջե 5.000 ՀՀ դրամ վճարելու պարտականություն:
Վարչարարության մասին օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը պետք է ձեւակերպվի հստակ եւ հասկանալի: Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ի՞նչ իրավունք է տրամադրվում, իր ո՞ր իրավունքն է սահմանափակվում, իրեն ի՞նչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ի՞նչ պարտականություն է դրվում:
Մինչդեռ, ըստ փաստաբանի, վիճարկվող որոշմամբ եւ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Ե. Կարապետյանի կողմից փետրվարի 15-ի «վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» որոշման մեջ բացակայում է փաստերի ամբողջությունը եւ այն ապացույցները, որոնցով հաստատվում են կոնկրետ գործի փաստերը:
Հայցվոր կողմի տեղեկացմամբ, որոշման մեջ հղում չկա ճանապարհային երթեւեկության կանոնները սահմանող իրավական ակտին, շարադրված չեն իրավաչափ կամ ոչ իրավաչափ վարքագիծը նկարագրող փաստերը եւ դրանք համեմատության մեջ դրված չեն վարորդի կողմից թույլ տրված վարքագծի հատկանիշների հետ:

Բացի այդ, որոշումը կազմված է գրեթե անընթեռնելի, իսկ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Ե.Կարապետյանի կողմից փետրվարի 15-ի «վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» որոշման մեջ նշված՝ ՃԵԱԱ մասին օրենքի 17-րդ հոդվածը որեւէ առնչություն չունի վիճարկվող որոշմամբ նկարագրված արարքի հետ:
Նիստից հետո փաստաբան Ա. Ղասաբողլյանն «Առավոտին» ասաց. «Սույն հայցին կցված չէ պետական տուրքը վճարած լինելու վերաբերյալ անդորրագիր, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետով ֆիզիկական անձինք վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով ազատվում են դատարաններում պետական տուրքի վճարումից»:

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել (վերացնել)` ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության 2018թ. .հունվարի 9-ի վարչական իրավախախտման գործով տուգանք նշանակելու մասին որոշումը եւ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Ե. Կարապետյանի կողմից փետրվարի 15-ի «վարչական իրավախախտման գործով գանգատն առանց բավարարման, իսկ որոշումն անփոփոխ թողնելու մասին» որոշումը: Չի բացառվում, որ հուլիսի 10-ին ավարտվի եւ հրապարակվի որոշումը:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930