Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով

Հունիս 22,2018 13:00

Հայազգի շատ արվեստագետներ որոշիչ դերակատարում են ունեցել այլ պետությունների մշակութային կյանքում: Օրինակ, հայտնի է, որ Եթովպիայում, Հայլե Սելասիե կայսեր օրոք արքունի նվագախմբի ղեկավարն էր Գեւորգ Նալբանդյանը, որը Եթովպիայի պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ Բայց կան նշանավոր փաստեր, որոնց հետ նոր-նոր ենք առնչվում. վերոնշյալ կայսեր մոտ իբրեւ պալատական երաժիշտ գործունեություն է ծավալել ծնունդով Հալեպից, կոմպոզիտոր Հակոբ Մանուկյանը, որը յոթ տարի շարունակ հավաքագրել, մշակել, ապա եվրոպական նոտագրությամբ կայսերն է ներկայացրել եթովպական 14 պատարագ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց կոմպոզիտորի այրին՝ Սրբուհի Մանուկյանը, որը որդու՝ պարոն Վարդանի հետ հայրենիքում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 22-ին դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ յոթ մեներգիչների մատուցմամբ այլ երկերի թվում առաջին անգամ կկատարվեն կոմպոզիտորի երկու՝ «Խորհուրդ Վարդանանց» եւ «Աղավնու վանք» օրատորիաները, որոնց համար հիմք են հանդիսացել Վահան Թեքեյանի նույնանուն պոեմն ու Հովհաննես Թումանյանի լեգենդը:

Տիկին Մանուկյանը ներկայացնելով ամուսնու երաժշտական ուղին, սկսեց ամենասկզբից. «Հակոբի հայրը՝ պարոն Սամվելը, ճանաչված տենոր էր Սիրիայում, հորաքույրը՝ տիկին Ազնիվը՝ երաժիշտ, որը աշխարհում հայտնի քամանչահար Ռուբեն Կարախանյանի կինն է: Նախակրթարանում, հենց հորաքրոջ մոտ է սկսել ամուսինս ծանոթանալ երաժշտության այբուբենին, միաժամանակ ընտրելով ջութակ եւ դաշնամուր նվագարանները: Նրա առաջընթացը շատ արագ է ընթացել, ձեռքից ձեռք էին խլում: Ընդամենը մի քանի տարի անց Հակոբը գրավել է անվանի երաժիշտ Վահան Բեդելյանի ուշադրությունը, որն իրեն հրավիրել է կրթությունը շարունակել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում: Այստեղ, ուր ես ուսանում էի դաշնամուրի դասարանում, կայացավ մեր ծանոթությունը, ընկերությունը, ինչն էլ վերաճեց ամուսնության: Շուտով նրան վստահեցին կրթօջախի նվագախմբի ղեկավարումը: Շատ չանցած Հակոբն արդեն Կիպրոսի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրապետն էր, որտեղ նրան նկատեցին Ադիս Աբեբայից ժամանած ուսուցիչներ եւ հրավիրեցին Եթովպիայի Սուրբ Գեւորգ եկեղեցի: Ամուսնուս անունը շուտով հայտնի դարձավ Հայլե Սելասիե կայսրին… Երբ 1976թ. կայսրին սպանեցին, մենք տեղափոխվեցինք Լոնդոն, որտեղ ապրել ենք տասը տարի: Այդ ընթացքում ամուսնուս ստեղծագործական գործունեությունը գրավեց աշխարհահռչակ երաժշտագետ Ալֆրեդ Աշպոլին: Հենց Անգլիայում էր, որ 1976թ. կայացավ մեր հանդիպումը Արամ Խաչատրյանի հետ: Սա մի առանձին թեմա է… Հակոբը արդեն հիմնել էր «Կոմիտաս-Սիփան» երգչախումբը, որն իսկապես հաջողություններ էր գրանցում: Երգչախումբը հրավիրվեց մասնակցելու Ելիզավետ Երկրորդի թագադրության 25-ամյակին նվիրված երեկոյին… Նշեմ, որ նրա տարերքը երգարվեստն էր: Դա է պատճառը, որ անդրադարձել է Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, արեւմտահայ բանաստեղծներ Մաթեոս Զարիֆյանի, Վահրամ Մավյանի ստեղծագործություններին»:

Տիկին Մանուկյանը՝ Հարություն Արզումանյանի եւ որդու հետ:

Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց ընտանիքի վերջին հանգրվանը Կանադան է եղել. «Հակոբն այստեղ էլ, բնականաբար, շարունակեց իր գործունեությունը, որտեղ 1980-ին դարձյալ հիմնեց երգչախումբ, այն կրկին անվանելով «Կոմիտաս-Սիփան»: Դյուրին չի եղել նրա ստեղծագործական ուղին: Երբ ոտք դրեցինք Անգլիա, նա այստեղ սկսեց ինտենսիվ զբաղվել ստեղծագործական կյանքով: Իր հետ վերցրել էր ծննդավայրում, Կիպրոսում, Եթովպիայում գրի առած մեղեդիները, որոնք հետո դարձան լուրջ երկեր: Այս տարի Հակոբը կլիներ 89 տարեկան: Նա գնաց երկնային կյանքով ապրելու 83-ը բոլորած: Նշեմ, որ Հակոբը անդրադարձել է նաեւ օպերետի ժանրին»:

Տիկին Մանուկյանը նշեց, որ խորհրդային տարիներից սկսած՝ 1964-ից 14 անգամ եղել են հայրենիքում, մեկ անգամ, 2005թ., Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խմբավար Հարություն Օդաբաշյանի ղեկավարությամբ ներկայացվել են կոմպոզիտորի 12 երգերը: «Հանդիսատեսի ընդունելությունից հասկացա, որ դրանք կպան նրանց սրտին՝ իսկապես հուզված էին, ապշած… Հասկանում եմ՝ առաջին անգամ էին առնչվում Հակոբի արվեստին»,- ասաց տիկինը: Հետաքրքրությանը՝ կայանալիք համերգի «մեղավորներն» ովքե՞ր են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Կանադայում ստեղծագործող կոմպոզիտոր Աշոտ Արիյանը իրենց հեռակա ծանոթացրել է դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ, նա էլ իր հերթին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հակոբ Մանուկյանն
ու Արամ Խաչատրյանը, 1976թ.:

«Առավոտ»

21.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ հետաքրքիր կենսագրություն է, բայց Կանադական իրականության մեջ չեմ հանդիպել, եւ ոչ էլ լսել եմ վերը նշված անունները, շատ պիտի ուզեմ ավելի մանրամասեր Ձեր զրուցակիցը:
    Շնորհակալություն,
    Պետրոս

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930