Արտերկրում ապրող հայ գիտնականի առաջարկները՝ մշակույթի նախարարին
«Ինձ միշտ հարց եմ տալիս՝ արդյո՞ք սա հեղափոխություն էր, թե՞ ուղղակի իշխանափոխություն էր: Եթե սա հեղափոխություն էր, ինչպե՞ս է այն անդրադառնում մշակույթի ոլորտի վրա: Եթե հեղափոխություն է լինում, մշակութային կյանքում էլ է պոռթկում լինում, իսկ հիմա պոռթկում չկա»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, որը հիմա բնակվում է Փարիզում:
Գիտնականն ասաց. «Ինձ թվում է, մենք այսօր մշակույթի կայացած գործիչ չունենք, մշակույթի նախարարությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի, որ մշակույթի գործիչը, արվեստագետը կայանա: Իսկ կառավարության ծրագրում այդ մասով ոչ մի քայլ չի մատնանշած, դրա մասին չի խոսում նաեւ մշակույթի նախարարը: Եթե դա չեն անելու, մշակույթի նախարարության մյուս գործառույթները կարելի է հանգիստ բաշխել քաղաքապետարանի, թաղապետարանների, ԿԳ նախարարության վրա եւ այդ նախարարությունը ցրել, թող լուծարվի, դառնա պարզապես միություն: Այսօր ամենավատ վիճակում նկարիչներն են, իրենք իրենց չեն կարողանում գտնել: Մշակույթը մեռնում է եւ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ՝ խնդիրները լուծելու համար, թե չէ նախարարական կազմը փոխելով, վարչությունների կազմը փոխելով ոչ մի բան չի փոխվի, արագ լուծումներ են պետք, որ արդյունքները լինեն»:
Արտերկրում ապրող գիտնականը գտնում է, որ մշակույթի նախարարը պետք է հերթով քանդի կծիկները եւ նրանք, ովքեր ժամանակին ապօրինի որոշումներով մեր երկրի մշակութային օջախներին, հուշարձաններին վնաս են պատճառել, տուգանք մուծեն. «Ասում են՝ մրցույթները կվերանայվեն: Լավ, մրցույթների ձեւը կարող են վերանայել, բայց ո՞նց կարող է մրցույթը փոխվել, երբ նույն համակարգը կա, միության անդամ լինելը մեծ դեր է խաղում, կոչումները մեծ դեր են խաղում: Մրցանակ տալիս են նրան, ով կոչում ունի, իսկ թե այդ կոչումները ոնց է ստացել, դա էլ է հարցական»:
Մարիամ Խաչատրյանը խոսեց մշակույթի ոլորտում կոռուպցիայի մասին, թե ինչպես են այս կամ այն մրցանակը տալիս պատվերով, փող վերցնելով: Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երբ իրենց ղեկավարը կաշառք չի վերցնում, կոռուպցիայի մեջ թաթախված չի, ներքեւի օղակները երբ «վերեւներին» չեն մուծվելու, իրենք էլ կսկսեն չվերցնել կաշառք՝ Մարիամ Խարատրյանը պատասխանեց. «Լավ, ասենք, մրցույթ է հայտարարված, հանձնաժողովի անդամները 5 հոգի են, ես էլ, ասենք, մրցույթի եմ մասնակցում, գնում եմ ժյուրիի անդամներին առնում եմ, ինքը ո՞նց է վերահսկելու: Ներքեւի օղակները սովոր են դրան, կանեն, արվեստի մեջ մանավանդ սուբյեկտիվ է կարծիքը, կարող են հեշտությամբ հիմնավորել ու ամենավատ աշխատանքը դարձնել գլուխգործոց եւ ամենալավ աշխատանքը դարձնել փալաս: Դրա համար մրցութային կարգը ոչ թե պետք է վերանայվի, այլ կոչումները պետք է ազդեցություն չունենան: Դա երիտասարդներին էլ խոչընդոտ է հանդիսանում: Իրենք դուրս են մնում ամեն ինչից: Այդ ստեղծագործական միությունները շատ վաղուց են ստեղծվել, գուցե այդ միությունները վերանան, ինչ-որ ընդհանուր մի բան լինի, որովհետեւ այդ շփումներն էլ են շատ կարեւոր: Ճարտարապետների մոտ էլ ավելի վատ բան են արել՝ պալատ են ստեղծել՝ կոռուպցիոն ռիսկերով լի մի օղակ: Դրա համար եթե վիրահատական միջամտություններ լինեն, խնդիրները ամբողջ մակերեւույթով մեկ չեն լինի: Որ նկարիչը միջոցներ ունի, կարողանում է իր նկարները ցուցադրել, ով էլ չէ՝ տաղանդը չի կարողանում ցուցադրել, գործերը վաճառել: Ոլորտում ազատականացում է պետք, գոնե ժամանակ առ ժամանակ պետք է տարածք տրամադրեն նրանց ցուցահանդեսների համար, այս մոնոպոլը պետք է դուրս գա: Մշակույթի վերնախավը մոնոպոլիայի է գնում՝ տոտալիտար ռեժիմով»:
Գիտնականն առաջարկ ունի մշակույթի նախարարին. «Ես կարծում եմ, որ Հայաստանը իրեն պետք է հայտարարի մշակութային բաց գոտի, այն արվեստագետները, ովքեր իրենց երկրում չեն կարողանում ցուցադրել իրենց արվեստը, վաճառել, Հայաստանը դառնա ազատ գոտի նրանց համար: Ժամանակին Փարիզը դա արեց ու բավականին նոր անուններ բերեց նկարիչների, հետո ԱՄՆ-ն այդ դերը վերցրեց, հիմա էլի դրա կարիքը կա աշխարհում: Միանգամից բացել բոլոր դռները թե՛ ներսի, թե՛ դրսի, դա շատ լավ կլինի նաեւ մեր մշակույթի համար: Այն միջակությունը, որը Հայաստանում կա, որոնց ՀՀ-ում պահել են ինչ-ինչ կոչումներով, այդ դաշտը միանգամից հետ կգնա, չեն դիմանա մրցակցությանը, հոսքին ու դաշտը կառողջանա»:
Մարիամ Խաչատրյանը հորդորում է նախարարին արագ գործել, մինչ իրենք քննարկում են, թե որ շենքը մտցնեն հուշարձանների շարքում, ըստ գիտնականի, Հայաստանում «քանդող բրիգադ» կա, որը շատ ավելի արագ է գործում, նրանից առաջ կընկնի:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
21.06.2018