Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 22,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսաներեքերորդ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվ Ֆրունզիկը Հրանտին  ասաց՝ «հազարից մեկն ա ինձ Մհեր ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «հիմնականում քաղքենիներն են քեզ Մհեր ասում», եւ Ֆրունզիկը նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «Արմենը քաղքենի ա՞, որ Մհեր ասեց», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենչոն քաղքենի չի, բայց քաղքենի երեւալու հակումներ ունի», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «եըե Ֆրունզիկ Մկրտչյանը ցանկանում ա, որ իրեն Մհեր Մկրտչյան ասեն, պիտի հարգենք իր էդ ցանկությունը», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝ «փաստորեն, էսքանի մեջ մենակ  դու ես էդ ցանկությունս հարգում, Արմեն ջան», եւ Հրանտը ժպտալով ինձ ասաց՝ «դրա համար էլ ինքը մենակ քեզ ա իրավունք տալիս, որ Մուշեղի պատմությունը պատմես», եւ Ֆրունզիկը թարս նայեց Հրանտին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր, որ էդ պատմությունը ոչ թե Մուշեղի, այլ իմ պատմությունն ա», եւ Խորիկն անսպասելի գոռաց՝ «ամեն ինչ անում եք, որ Արմենն էդ պատմությունը չպատմի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չեմ հասկանում՝ Խորիկն ինչի՞ ա շահագրգռված, որ Արմենչոն էդ պատմությունը պատմի», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «Խորիկը որ իմանա՝ էդ ինչ պատմություն ա, ավելի կշահագրգռվի», եւ Խորիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ինչքան էլ մեր չուզողները բամբասեն, մեկ ա, Ֆրունզն իմ   ախպերն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ ախպորը վերաբերող պատմությունը չի կարա ինձ չհետաքրքրի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պատմությունը ծերից ծեր Մուշեղն ա հորինել», եւ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «Մուշեղը հորինող տղա չի», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Հրանտին ու հարցրեց՝ «կարող ա՞ իրա պատմվածքները ես եմ հորինել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մուշեղը պատմվածքներ չի հորինում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ի տարբերություն Աղասու» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Մուշեղի պատմվածքները հիմնականում իրական դեպքեր ու եղելություններ են», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ չես հորինում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ի տարբերություն Աղասու», եւ Խորիկը նեղսրտած ասաց՝ «թող Արմենն էդ պատմությունը պատմի, հետո նոր Աղասուց կբամբասեք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Խորիկին  ասաց՝ «չենք բամբասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հեչ պարզ չի՝ Աղասու հորինա՞ծն ա ավելի իրականություն, թե՝ իմ ու Մուշեղի չհորինածը», եւ Ֆրունզիկը Հրանտին հարցրեց՝ «կարող ա՞ Ռեւազի ոչխարների էդ պատմությունը չես հորինել», եւ Հրանտը մի քիչ մտածեց, նայեց Փելեշին, հետո նայեց Ֆրունզիկին ու փռթկացնելով ասաց՝ «էդ արդեն Ռեւազին պիտի հարցնես», եւ Փելեշը Հրանտին ասաց՝ «ինչ էլ ասես, մեկ ա՝ չեմ նեղանալու»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930