Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի մասնագիտական տոնը: Բժիշկներն այն եզակի մասնագետներից են, որոնք գործունեությունից առաջ երդվում ու պարտավորվում են հիվանդին բուժել ուժերի ներածին չափով:
Թամարա Օհանյանն արդեն 42 տարի է, ինչ աշխատում է Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքում, որպես հերթապահ գծային բուժքույր: Կանչերի ժամանակ սպասարկում է թե՛ բժշկի հետ միասին, թե՛ առանց բժշկի: Ասում է՝ կարեւորն այն է, որ աշխատանքը սիրով է անում:
Բուժքույրն ասում է, որ հիվանդից կամ իր հարազատից ստացած շնորհակալական խոսքն ամեն ինչ արժե, այլ բան չեն ուզում. «Երբ կարողանում ենք հիվանդի կյանքը փրկել, ճիշտ օգնություն կազմակերպել, մեզ շատ լավ ենք զգում: Մարդիկ էլ, որ շնորհակալություն են հայտնում, դրանից ավելի ես ուրախանում: Բայց, որ անտեղի վիրավորում են, հայհոյում են փոշմանում ես, որ այս մասնագիտությունն ես ընտրել: Եղել են դեպքեր, որ ցանկացել են մեզ խփեն, բայց մեր մեղավորությունն այդտեղ չկար: Հետո, որ վիրավորանքն անցնում է, նորից ուրախությամբ ու սիրով անցնում ենք մեր աշխատանքին»:
Տիկին Թամարան դժգոհում է, ասում է հաճախ են ստանում նաեւ անհարկի կանչեր, սակայն իրենց մասնագիտական պարտքն է, պետք է գնան ցանկացած կանչի հետեւից. «Մենք սահմանված ժամանակ ունենք, որ կանչի դեպքում պետք է հասնենք տեղ: Խռոնիկ հիվանդներն են հաճախակի կանչում, որ այդ պահին իրեն վատ էլ չի զգում, ուղղակի ուզում է իր Էոֆիլին դեղը սրսկվի, որ հանգիստ լինի: Մեզ համար նշանակություն չունի, թե ով է հիվանդը: Մեկ-մեկ մեծ կին է վատացած լինում, բայց մեզ տարիքը սխալ են ասում, ասում են մեծ կին է, տարիքը, որ ասենք կարող է չգաք: Բայց դա մեզ համար նշանակություն չունի, բոլորը կանչերին մենք հավասար ենք վերաբերվում: Հաճախակի անտեղի էլ են կանչում: Եղել են կանչեր, որ շտապ գնացել ենք, տեսել ենք միայնակ տատիկ է, ասել է մի բաժակ ջուր տուր կամ դեղ տուր խմեմ: Մեր սպասարկման խումբը մնացել են սոցիալապես անապահով խավը, միայնակ տատիկ-պապիկները: Շատ հաճախ օգնող չեն ունենում հիվանդանոց տեղափոխելու համար, կամ մեր վարորդներն են օգնում, կամ էլ 911 ծառայությունից ենք օգտվում, իրենց ենք կանչում»:
Բուժքույրն ասում է, որ այսօր առաջնային խնդիրն աշխատավարձի բարձրացումն է, հետո նոր մնացած հարցերը: Դժգոհում է, պետությունը շտապօգնության աշխատակցին ուշադրություն չի ցուցաբերում, նույնիսկ տոնական օրերին. «Ուզում ենք նաեւ, որ աշխատավարձի բարձրացում լինի: Քանի որ ապրանքների գների հետ համեմատած մեր աշխատավարձը ոչնչի չի հերիքում: Սիրով եմ աշխատում, բայց պետության կողմից շտապօգնության աշխատակիցներս որեւէ ուշադրության չենք արժանանում: Նվերն այլ հարց է, բայց այսքան աշխատողների մեջից որեւէ մեկը շնորհակալական խոսքի չի արժանացել: Հիմնականում հիվանդանոցների գլխավոր կամ ավագ քույրերին են տալիս: Մենք էլ զինվորների պես առաջին օղակ ենք, մենք ենք առաջինը հասնում հիվանդին, ավելի շուտ ենք օգնությունը կազմակերպում, քան հիվանդանոցի ավագ քույրը: Այսքան տարիների ընթացքում որեւէ մեկն արժանի՞ չէր մի հատ շնորհակալագրի: Ես մինչեւ երկրաշարժը բազմաթիվ նման շնորհակալագրեր եմ ստացել: Բայց երկրաշարժից հետո շատ քիչ մարդկանց են ուշադրություն դարձրել կամ չեն էլ ստացել»:
Բժշկական կենտրոնի անօթային վիրաբույժ Լեւոն Տանոյանի համար մասնագիտական տոնը ոչնչով չի տարբերվում մյուս օրերից: Աշխատում է նույն ծանրաբեռնվածությամբ, նույն գրաֆիկով: Միայն շնորհավորանքի խոսքերն են օրը փոքր-ինչ փոփոխել. «Մեր համար ցանկացած օր ու ժամ պոտենցիալ աշխատանքային օր է: Մենք չունենք ազատ գրաֆիկ: Իսկ դա մարդու առողջության վրա թողնում է իր բացասական հետքերը: Նույնիսկ այսօր մենք չենք կարող մեր տոնը նշել մեր ցանկացած ձեւով»:
Վիրաբույժն ասում է, որ սիրով է իր գործը կատարում, հիասթափություններ իհարկե լինում են, սակայն դրանք ժամանակավոր են: Ասում է ինքն էլ շատերի պես հույսով սպասում է վաղվա լավ օրվան. «Սպասում եմ այն լավ օրվան, երբ կտեսնենք, որ մի օր բժիշկն իր կարգավիճակով մի քիչ ավելի վերադասվի հասարակության մեջ բիզնեսմեն, բիզնես գործունեություն ծավալող կիսագրագետ անձանցից: Ցավոք, նախկին կառավարության ժամանակներում նման խնդրին անդրադառնող չկար: Եւ ցավոք մի քիչ թերահավատորեն ենք մոտենում այդ օրը տեսնելուն: Որովհետեւ, այնուամենայնիվ այսօր բժիշկն ամենաանպաշտպան խավն է»:
Խոսելով խնդիրների մասին, բժիշկ Տոնոյանը հիշում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, ապա մեջ բերում հատված, որը նմանեցնում է այսօրվա իրականությանը. «Ունեմ հանգստի, արժանապատիվ ապրելու ու վարձատրվելու խնդիր: Մենք էլ ենք չէ՞ մարդ: Բայց այսօր բժիշկն էլ, ՀՀ մյուս քաղաքացիների նման մտածում է, թե արդյո՞ք ստացած աշխատավարձը կբավարարի տան ծախսերը հոգալուն: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, որ ասում էր . «Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով երկիրը դարձնի երկիր»: Երբ, որ այդ կորեկը գողացող առնետները չլինեն եւ՛ լրագրողի, եւ՛ ուսուցչի, եւ՛ բժշկի, բոլորիս ֆինանսական վիճակն էլ կբարելավվի: Ինչ-որ տեղ նաեւ այդ գործարարինն էլ, որ փորձում է ինչ-որ բաներ թաքցնել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ