Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերը

Հունիս 21,2018 20:35

Հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին: ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։

Կողմերը հատուկ ընդգծեցին, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռնում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը և նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները և համագործակցության շրջանակները:

Երկուստեք ընդգծվեց համաձայնագրի կարևորությունը Հայաստանում բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում:

Զրուցակիցները շեշտեցին այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից կերպով ներկայացրեց նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կաշառակերության դեմ պայքարի արդունավետության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում մեր առաջնահերթությունների իրականացմանը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության օրակարգի հարցերի շուրջ։ Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական, տրանսպորտային և հաղորդակցության, էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, շարժունակությանը և վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ առկա են գործողությունների հստակ ուղենիշեր։

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհուրդի առաջին նիստի արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930