Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել են Շիրակի երկու փոխմարզպետները՝ Սեյրան Պետրոսյանն ու Խաչատուր Վարագյանը։
69-ամյա Սեյրան Պետրոսյանը մարզի հին պաշտոնյաներից մեկն է․ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա տիրապետում է Շիրակի յուրաքանչյուր համայնքի յուրաքանչյուր խնդրին։ Ինչպես կատակում էին նրա գործընկերները․ «Սեյրան Ալեքսանիչը մարզի ամեն մի թուփ ու ճյուղի տեղն էլ անգիր գիտի»։
Նա ժամանակին՝ 1999-2000 թթ․ եղել է նաև Շիրակի մարզպետի պաշտոնակատար։
2010 թվականին, երբ Շիրակի մարզպետ նշանակվեց գեներալ Աշոտ Գիզիրյանը, Սեյրան Պետրոսյանը նորից հրավիրվեց Շիրակի մարզպետարան աշխատանքի․ նա այդ ժամանակ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ էր։
Իսկ Խաչատուր Վարագյանը Շիրակի փոխմարզպետի պաշտոնում աշխատանքի հրավիրվեց ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի միջնորդությամբ՝ ԱԺ ընտրություններից առաջ։ 60-ամյա Խաչատուր Վարագյանը 2008-2012թթ․-ին եղել է Արթիկի քաղաքապետ, նախքան փոխմարզպետի պաշտոն զբաղեցնելը Արթիկի գազի գրասենյակի պետն էր։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժ/պ է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը։ Աշխատակազմի 19-ամյա ղեկավար Խաչատուր Պողոսյանը դեռ 10 օր առաջ էր սեփական դիմումի համաձայն հեռացել պաշտոնից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ