«Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը, և Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
Պարոն Շուշանյանի փոխանցմամբ՝ իր կողմից ներկայացված միջնորդությունը հետևյալն է. «Միջնորդություն էի ներկայացրել այն հիմքով, որ եթե դատարանը համարում է, որ ինքը առանց որևէ տեսակի խափանման միջոցի կա ռիսկ, որ կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ, ապա ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կերաշխավորի նրա պաշտպանը»:
Նշենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանը 500.000 դրամ գրավով ազատ արձակվեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ