Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար և փաստել, որ համատեղ իրականացված ծրագրերով հնարավոր է դարձել հաղթահարել ոլորտի առջև ծառացած մի շարք կնճռոտ խնդիրներ։
Քաթրին Շեֆերը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում նախարարության հետ երկար տարիների սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Քաթրին Շեֆերը վերահաստատել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի կառավարության հանձնառությունը և ավելացրել, որ պատրաստ են նոր իրողությունների պայմաններում նույն ոգով շարունակել տեղերում հաշվետվողականության և ժողովրդավարության բարձրացմանն ուղղված իրենց աշխատանքը։
Իր հերթին Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային է համարվում տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնուրույնության ու ժողովրդավարության բաղադրիչի հզորացումը, և այդ ճանապարհին նոր կառավարությունը պատրաստակամ ու վճռական է կազմակերպության հետ շարունակական համագործակցության հենքի վրա պատասխանել առկա մարտահրավերներին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն