Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ արտահայտություններ, որ դուք արեցիք, ես թույլ չեմ տա ձեզ հետայսու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անել». Գուգարաց թեմի առաջնորդը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին

Հունիս 21,2018 17:39

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամներն այսօր հանդիպեցին Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Նրանք սրբազանին ներկայացրեցին մի քանի կետերից բաղկացած բաց նամակը, որով պահանջում են անհապաղ հրավիրել «Եկեղեցական ներկայացուցչական ժողով», որտեղ կքննարկվի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հովվապետական գործունեության նկատմամբ անվստահության հարցը:

«Օրվա կաթողիկոսը միշտ եւ մնայուն սատարել է նախկին իշխանությունների քրեաօլիգարխիկ տարրերին, նրանց հետ միշտ եւ մնայուն գործակցության մեջ է եղել: Նաեւ իրենց հետ ունեցել են որոշակի նյութական փոխհարաբերություններ: Երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ վավերացրել է նախկին իշխանությունների ապօրինի ընտրությունները:  Հաջորդ կարեւորագույն խնդիրը, որ մենք տեսնում ենք, այն է, որ որեւէ կարեւորագույն իրադարձության ժամանակ կաթողիկոսը չի եղել իր ժողովրդի կողմից՝ դա եղել է մարտի 1-ի ժամանակ, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դեպքի ժամանակ, դա եղել է Թավշյա հեղափոխության օրերին: Այսինքն, ստացվում է, որ երբ որ հայ ժողովուրդն իր արդարացի պահանջը որեւէ հարցի շուրջ ներկայացրել է, կաթողիկոսը չի եղել»,- ասում է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ Կարեն Պետրոսյանը:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն ասում են , որ նա ոչ միայն չի վայելում հայ ազգի մեծամասնության սերն ու հարգանքը, այլեւ նրանց խոսքով ասած՝ «նպաստում է եկեղեցու ներսում շատ հոգեւորականների ամբարտավան կեցվածքին եւ անօրեն գործողություններին»:

«Մենք ուզում ենք ունենանք զորավոր հայրապետ, որպեսզի մեկ րոպե շուտ արատավոր երեւույթների դիմաց ոչ թե կլինի իշխանամետ, այլ կլինի դեպի ժողովրդամետ, դեպի արդարությանը գնացող»:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամների կողմից արված որոշ արտահայտություններ դուր չեկան Գուգարաց թեմի առաջնորդին. «Որոշ արտահայտություններ, որ դուք արեցիք, ես թույլ չեմ տա ձեզ հետայսու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անել: Կամ կրկնել փողոցային այն խոսակցությունները, որոնք հաճախ լսվում են նաեւ յութուբով կամ այդ համացանցում: Սա ընդունելի չէ մեզ համար, եւ ինձ համար հատկապես»,- ասաց սրբազանն ու վստահեցրեց, որ նրանց նամակն անպայման կներկայացնի հասցեատիրոջը. «Մարտահրավերները տարբեր են եկեղեցու առջեւ եւ տարաբնույթ են, հատկապես անկախության այս անցնող 30 տարիների ընթացքում: Եկեղեցին մեն-մենակ՝առանց պետական լուրջ աջակցության դիմակայել է, դեմ հանդիման է մնացել Արեւմուտքից ներթափանցած աղանդավորական շարժումներին: Առ այսօր խղճի, խոսքի ազատության կանոնադրությունն իսկ թերի է եւ մենք չենք ստացել պետական աջակցություն այնպես, ինչպես պետք է լիներ, այնպես, ինչպես օրինակ՝ Վրաստանում: Սա խոսում է նաեւ իշխանությունների անլուրջ վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ»:

«30 տարի առաջ Սովետը նոր էր փլուզվել եւ մարդիկ դեռ այդ գաղափարախոսությունների տակ էին, մենք էլ 3-4 տարեկան էինք: Այս պահը վաղուց է հասունացել, երկրում իրավիճակ է փոխվել: Ժողովրդավարական երկրում չի կարող լինել մի համակարգ, որտեղ ինչ-որ ճնշումներ կան ինչ-որ մարդկանց նկատմամբ: Եվ սա փաստեր են, եւ ես գիտեմ, որ բոլորն այդ մասին գիտեն»,-ասաց նախաձեռնության անդամ Արտակ Ալավերդյանը:

Ալավերդյանն ասաց նաեւ, որ իրենք փորձել են հանդիպել վեհափառին, փորձել խնդրին միասին լուծում տալ, սակայն ոչինչ չի ստացվել. «Մենք գնացինք հանդիպեցինք վեհափառին, խնդրեցինք՝ եկեք գանք դրական հանգուցալուծման, չստացվեց մեր հանդիպումը: Շատ ցավոտ էր դա մեզ համար, մենք ստիպված ենք բարձրաձայնել այս ամեն ինչը, մեզ սա հաճելի չէ, ճիշտ հասկացեք: Բայց մենք խնդրում ենք, ասում ենք եկեք միասնական դաշտում լուծենք խնդիրը, քանի որ եկեղեցին ազգային է, ոչ թե մի քանի հոգունը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930