Մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը մարզպետ Հրանտ Մարգարյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանին: Նա իր և աշխատակազմի անունից շնորհավորեց Ա. Խաչատրյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Նորանշանակ փոխմարզպետն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, պատրաստակամություն հայտնեց նվիրումով ու ամենայն պատասխանատվությամբ ծառայելու մարզի բնակչությանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկված հարցերին, որոնց վերաբերյալ մարզի ղեկավարը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ի թիվս մի շարք հարցերի, առաջնային համարեց հատկապես մարզի համայնքների բնակիչների նամակների վերահասցեագրման խնդրի կանոնակարգումը:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը ներկայացրեց Վանաձորի թիվ 8 դպրոցի բարձրացրած խնդիրը դպրոցի գազաֆիկացմանն աջակցելու և Շամլուղի դպրոցինը՝ տանիքի վերանորոգման վերաբերյալ: Մարզպետ Հրանտ Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը և առաջարկություն ներկայացնել:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
Լոռու մարզպետարան