«Բոլորին էլ հայտնի էր, որ այդ մարդիկ գտնվում էին օրենքից դուրս: Հանցանքը, որ նրանց շուրջ է եղել, միշտ թույլատրելի է եղել»,- «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Նա հիշեցրեց՝ գեներալները բանակում ակնհայտ տարբերվում էին. «Միշտ հնչում էին հատկապես գեներալ Մանվելի, Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի անունները և որևէ արձագանք չէր գտնում զինված ուժերի, գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»:
Տիկին Ալեքսանյանի համար ողջունելի է այն, որ ՀՀ կառավարությունը հենց բանակից է սկսել մաքրման գործընթացը, այնուհետև հավաստիացրեց՝ աջակցելու են ՀՀ կառավարությանը:
Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումների և քննության հարցերին՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց. «Ես կողմ եմ. թող բոլորը վերահսկեն, բայց նաև նշեմ, որ մահվան դեպքերին որևէ դեպքում չեն անդրադարձել: Երբեք ոչինչ չեն արել, որ քննություն կատարվի և պատժվեն մեղավորները: Ցանկացած գերատեսչություն իրավունք ունի խոսել զինվորի կյանքի մասին»:
Այնուհետև տիկին Ալեքսանյանը մտահոգություն հայտնեց, որ հիմա զինվորի մահվան դեպքերն ավելանում են:
«Մարդկային զարգացման կենտրոն» կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մեխանիզմը օրենքի հանդեպ հարգանքն է արժեքային մակարդակում՝ սկսած անմեղության կանխավարկածից. «Վարչապետն ասում է՝ ոչ քննիչ եմ, ոչ դատախազ ու դատավոր: Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ինչպես եղավ, որ մարդիկ, որոնք պատերազմ են հաղթել, դրանից հետո ունեցանք այն վիճակն, ինչ այսօր ունենք: Որ հետո մարդիկ չասեն՝ իմ հերոսը մեռավ: Պետք է հասկանանք՝ արմատը որտեղ է»:
Ըստ Թևան Պողոսյանի՝ պետք է ասել, թե միայն բանակն է մեղավոր, քանի որ բանակը կտրված չէ հասարակությունից, միջանձնային հարաբերությունները ձևավորվում են հասարակության շրջանում:
Դառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներին՝ պարոն Պողոսյանն արձագանքեց. «Ինձ համար կոռուպցիան կոռուպցիա է. կապ չունի 22 հատ արկղ ես գողանում, թե մեկ տուշոնկա: Եթե մի հատ էլ ենք տանելու, նույն բանն է: Հարցն այն է լինելու, որ ի սկզբանե այդ մեկ դրամին էլ չկպնենք: Խնդիրը գալիս է վերաբերմունքից, թե ոնց ենք աշխատում: Այդ օգնությունը, որ տալիս ենք, դա պետք է գրանցվեր, մեկը ստանար, մյուսը տար ավելի ցածր օղակում որևէ այլ անձի, ինքը պետք է բացթողում աներ, ավելացածը նույն փաստաթղթերով պետք է տարվեր: Մտածելակերպը պետք է փոխենք»:
Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ դա պետությունը պետք է անի. «Գոյություն ունեն պետական խստագույն վերահսկողական մեխանիզմներ, որոնք պետք է գործեն»:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, ընդամենը սառցաբեկորի մեկ մասն է. «Առաջին անգամ ՀՀ-ում նորագույն պատմության մեջ տեսնում եմ իշխանության մոտ քաղաքական կամք կոռուպցիոն երևույթները բոլոր ոլորտներում վերացնելու համար: Միամիտ կլինեինք, եթե մտածեինք, որ նույն ԱԱԾ-ն չէր գիտակցում և հասկանում, թե ինչով են գեներալները զբաղված, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չեն ինչ են անում ԵԿՄ-ում, որ ՊՆ աշխատողները տեղյակ չեն, թե միլիոնավոր դրամներ ոնց են փոխանցվում ԵԿՄ-ին, ուր են գնում և ինչպես ծախսվում: Ըստ էության վարչապետի ուղերձն այն է, որ ՀՀ-ում անձեռնմխելիներ չպետք է լինեն»:
Միևնույն ժամանակ Էդգար Խաչատրյանը շեշտեց՝ չի կարելի հույսը դնել բարի թագավորի, վարչապետի կամ նախագահի վրա: Կարևոր է նաև հասարակական վերահսկողությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ