Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ ամիս ժամանակ է տվել Վրաստանին՝ պատասխանելու այդ երկրում ապաստան գտած ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման վերաբերյալ հարցերին: Այս մասին հայտնել է Մուխթարլիի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին:
Ըստ փաստաբանի՝ մինչև հունիսի 31-ը Վրաստանի արդարադատության նախարարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի 8 հարցի:
«Հարցերը հիմնականում վերաբերում են ադրբեջանցի լրագրողի առևանգման փաստին, և դատարանը հետաքրքրվում է՝ արդյոք եղել է առևանգում, արդյոք տեղի է ունեցել ազատության կամ արտահայտման իրավունքի սահմանափակում, արդյոք եղել է իրավական հնարավորություններից օգտվելու իրավունքի խախտում, ինչպես նաև արդյոք եղել է երկրից փաստացի արտաքսում»,- ասել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ հարցերի հասցեատերը նաև Ադրբեջանն է, որին ուղղված է վեց հարց և տրամադրված է դրանց պատասխանելու նույն ժամկետը:
«Վրաստանին ուղղված է ութ, իսկ Ադրբեջանին վեց հարց: Կարծում եմ՝ հարցերի պատասխանները դատարանին հնարավորություններ կտան գտնել փաստերը և այն խախտումները, որոնք տեղի են ունեցել ադրբեջանցի լրագրողի նկատմամբ: Պետությունը պատասխանի համար ունի մինչև հուլիսի 30-ը ժամանակ: Պատասխանները ստանալուց հետո հայցվոր կողմը հնարավորություն կունենա ներկայացնել գրավոր մեկնաբանություններ՝ կապված պետությունների պատասխանի հետ»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ պետությունները չեն կարող անտեսել ՄԻԵԴ-ի հարցերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ