Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը, որը նախքան այս պաշտոնը զբաղեցնելը, գյումրեցի արվեստագետներին ու արվեստասերներին հայտնի էր որպես ժամանակակից արվեստի «Ստիլ» պատկերասրահի ղեկավար, (այնտեղ միշտ արտառոց ցուցահանդեսներ են կազմակերպվում), սեփական դիմումի համաձայն հեռացել է պաշտոնից։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը։
Թե ո՞վ է նշանակվելու այս պաշտոնում, Սոնա Առաքելյանի փոխանցմամբ, «նախապատվությունը կտրվի երիտասարդ, փորձառու, բանիմաց կադրի՝ նպատակ ունենալով կադրերի երիտասարդացման»:
«Քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետի թափուր տեղի համար քաղաքապետարանը հարցում է ուղարկել լիազոր մարմնին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որի պատասխանը կլինի մոտ 15 օրից: Մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է բաժնի պետի տեղակալ Սուսաննա Ավետիսյանի վրա»,-մեր հարցմանը գրավոր պատասխանել էր Սոնա Առաքելյանը :
Մեր հավաստի տեղեկություններով, մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ կնշանակեն 28-ամյա Անդրանիկ Շահինյանին, որը մասնագիտությամբ պատմաբան է, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ասպիրանտ է, դասախոսում է «Հայբուսակ» և Շիրակի պետական համալսարաններում՝ «Իմիջաբանություն», «Հայոց պատմություն», «Մարդու վարքը սոցիալական միջավայրում», «Մարդաբանություն» առարկաները։
Արտուշ Մկրտչյանին էլ կնշանակեն Գյումրու տիկնիկային թատրոնի ղեկավար, որի ղեկավար Լևոն Բաղդասարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է երեկ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ