Այսօր ԵԿՄ կենտրոնական գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել ազատամարտիկները՝ խոսելու հետագա անելիքների մասին:
Նրանք ընդլայնված նիստից հետո որոշում են ընդունել՝ «հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Մինչեւ արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը, մինչեւ առաջիկա վարչության նիստը՝ հունիսի 24-ը, ԵԿՄ համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա»:
Ազատամարտիկները հայտարարեցին, որ պատրաստ են շեն պահելու «վազգենյան ընտանիքը», շարժվելու են Վազգեն Սարգսյանի գաղափարներով, նորովի ստեղծելու են ԵԿՄ-ի առաջիկա գործունեությունը:
Մյասնիկ Մալխասյանն ասաց, որ նիստին մասնակցել են մարզխորհրդի նախագահներ, ԵԿՄ վարչության անդամներ, տարբեր ժամանակահատվածներում ԵԿՄ-ին անդամակցած ազատամարտիկներ, հեղինակավոր հրամանատարներ, որոնք, իրավիճակի սրությունից ելնելով՝ փորձել են գնահատել կատարվածը. «Այս ընթացքում տարբեր արժանավոր ու անարժան մարդիկ փորձել են երկրապահին սեւացնել: ԵԿՄ-ն մեկ, երկու, երեք հոգու արած մեղսագործության համար չպետք է պատասխանատվություն կրի: ԵԿՄ-ն կազմավորվել է արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից, եղել է ՀՀ անկախության ակունքներում, բազում զոհեր են եղել, այս տղաները կորցրել են իրենց ոտքը, ձեռքը, որեւիցե մեկը իշխանյաններին իրավունք չի տվել սեւացնելու ԵԿՄ-ին: Այսօր բազում ԵԿՄ-ականներ օրվա հացի կարոտ են, գտնվում են ծանր սոցիալական պայմաններում, որեւիցե մեկը իրավունք չունի իրենց բարոյականությանը կպնելու: Այդ իսկ պատճառով հավաքվել են՝ նորոգելու, վերակազմավորելու եւ վերաիմաստավորելու ԵԿՄ-ն: Նոր վարչություն կլինի, վարչությունը կընտրի իր ղեկավարությունը, որը Վազգեն Սարգսյանի հիմնած կառույցի հեղինակությունը կվերականգնի»:
ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանն ասաց, որ ԵԿՄ-ն պետք է իր դերը, իր մաքրությունը ապացուցի. «Ապրում ենք նոր երկրում՝ նոր կանոններով: ԵԿՄ-ն ժողովրդի կողքին է, պարտավոր է լինել պետության կողքին ու ԵԿՄ-ն առաջնորդվում է իր սպարապետ, հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գաղափարներով: ԵԿՄ-ն ունի հավերժ նախագահ՝ Վազգեն Սարգսյանն է»:
Հարցին՝ ԵԿՄ-ն շտապօգնության մեքենա եւ նմանատիպ նվերներ ստացե՞լ է՝ Ուլիխանյանը պատասխանեց, որ նախաքննություն է գնում. «Մենք ոչնչից տեղյակ չենք, եթե որեւէ մեկս որեւէ բանից տեղյակ լիներ, մենք այստեղ ներկա չէինք լինի»:
Ազատամարտիկներն ասացին, որ ստեղծելու են 5-7 հոգանոց կառավարման խումբ, որ որոշումներն այսուհետեւ կոլեգիալ լինեն եւ ավելի ճիշտ ղեկավարեն ԵԿՄ-ն:
Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ ԵԿՄ-ում ազատամարտիկների դաշինքի կառավարման համակարգն են ուզում ներդնել. «Մենք միանձնյա կառավարման համակարգը տեսել ենք»:
Ուլիխանյանն ասաց, որ այսօր որեւէ մեկը իրավունք չունի խոսել ԵԿՄ-ի անունից, միայն համագումարի որոշմամբ է ամեն ինչ լինելու:
ԵԿՄ-ականները վստահեցրին, որ իրենք տեղյակ չեն եղել, թե ինչով է զբաղված եղել Մանվել Գրիգորյանը. «Յուրաքանչյուրը պարտավոր է պատասխան տալ իր արարքների համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ