Բրյուսելում առաջին նիստն է գումարել Հայաստան-ԵՄ գործընկերության խորհուրդը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և գործողությունները Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Բացի այդ, կողմերն ընդգծել են գործընկերության առաջնահերթությունները:
«Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վերջին շաբաթներին ու ամիսներին գնալով ավելի են ամրապնդվում: Դրա ամենաակնհայտ արտացոլումն է մեր նոր երկկողմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը կարող է շատ կարևոր դեր խաղալ՝ ի շահ հատկապես Հայաստանի, ինչպես նաև ԵՄ քաղաքացիների»,- ասել է Մոգերինին հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը «բեկումնային համաձայնագիր էր մեզ համար, քանի որ այն ոչ միայն իրավական հիմք է մեր հարաբերություններում, այլև շատ կարևոր գործիք Հայաստանի համար՝ զարգացնելու բարեփոխումները»:
ԵՄ գերագույն հանձնակատարը և Հայաստանի արտգործնախարարը քննարկել են քաղաքական առանցքային հարցեր, անդրադարձ կատարելով տարածաշրջանային թեմաներին, մասնավորապես, Արցախյան հիմնախնդրին: Քննարկվել է նաև քաղաքական երկխոսությանն ու բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մամուլի ազատությանը և մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ