Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 18-20-ն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր: Նախարարն այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:
Նախարար Զեյնալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել, որ Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու իրագործել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին, 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին:
Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ այդ համատեքստում կարևորելով Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում:
Նույն օրն արդարադատության նախարարը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Արտակ Զեյնալյանը գործընկերոջ հետ անդրադարձել է ՄԻԵԴ կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռներին և դրանց կատարման ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներն ակնհայտ են:
Նախարարն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ինչպես նաև ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ: Վերջիններիս հետ քննարկումը ծավալվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն