«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում էլ չեն ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն զուգահեռ, Մանե Թանդիլյանը դիմում էր գրել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ:
«Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, մենք էլ չենք ստորագրելու կուսակցությունից հեռանալու մասին դիմումը»,- լրագրողներին ասաց Էդմոն Մարուքյանը: Նա ասում է`«Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը համընկնում է վարչապետի դիրքորոշման հետ, ուստի, Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ հնչեցրած իրենց բոլոր նախկին հայտարարությունները մնում են ուժի մեջ:
«Համակարգի բարեփոխումների էջը փակված չէ։ Օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան, մենք ամեն բան անելու ենք, որ համակարգը քաղաքացիների պահանջներին բավարարի»,-ասաց նա, հավելելով, որ այս պահին ցայտնոտի մեջ ընկել, որ օրենքը ուժի մեջ է մտնում, պետք չէ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ