«Ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի, ամբողջական համամասնական ընտրակարգ լինի: Նաեւ`լրացուցիչ մեխանիզմներ պետք է մտածվեն, որ ցուցակները արտացոլեն ընտրողների իրական պատկերը»,- խորհրդարանում, ԸՕ-ի աշխատանքային խմբի առաջին քննարկումի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Լենա Նազարյանը։ «Ելք»-ում նաեւ ցանկանում են այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվի իրենց դիրքորոշումներն ու ծրագրերը եթերից ամբողջությամբ եւ հավասարաչափ ներկայացնեն:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իրենց առաջարկներն էր ներկայացրել` պահպանել ռեյտինգային համակարգը`վերանայելով այս տարբերակը, ներմուծելով դասական տարբերակը:
Լենա Նազարյանն ասում է`ամենը քննարկման առարկա է, ինչն էլ կանեն աշխատանքային խմբում:
Արմեն Ռուստամյանը մտահոգություն էր հնչեցրել նաեւ այն առիթով, որ ոստիկանությունը շարունակում է մնալ վարչապետի ենթակայության տակ, մինչդեռ ոստիկանությունում ստորաբաժանում պետք է ստեղծվի, որը պետք է զբաղվի ընտրական իրավունքի խնդիրներով: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ընտրությունների թափանցիկ լինելուն չի՞ խանգարի այն, որ ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին: Նաեւ հիշեցրեց`Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս է հայտարարել, որ ուժային կառույցները պետք է գործեն որպես նախարարություններ եւ վարչապետի ենթակայության տակ չգործեն: Լենա Նազարյանն ասաց, համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը չի հերքել իր նախկին հայտարարությունները եւ տեսակետները`եթե հայտարարվել է, ուրեմն պահպանվել է. «Բայց ես չեմ կարծում, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է այդ կառուցվածքային փոփոխությունները իրականացնել: Իսկ այդ մարմինների անկախության հետ կապված որեւէ կասկած չունեմ։ Անցած օրերի իրադարձությունները եւս մեզ համար ապացույց են, որ իրավապահ մարմինները, դատական համակարգը գործում են շատ ազատ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ