«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը շատ ուրախ է, որ խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել`աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ, երբ կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծին, Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ նախագծում պահպանվում էր համակարգի ներդրման պարտադիր բաղադրիչը, ինչի դեմ պայքարում էր «Դեմ եմ» շարժումը, որի առաջամարտիկներից էր Մանե Թանդիլյանը: Այսօր կառավարության նիստում հայտնի դարձավ, որ վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, նրանք զրուցել են եւ եկել եզրահանգման, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է աշխատել նախարարի պաշտոնում:
«Կարծում եմ, այս կարճ ժամանակահատվածում նա արդեն կարողացել է շատ հարցեր կարգավորել նախարարությունում: Դեռ շատ ծրագրեր ունի եւ հուսով եմ, որ հնարավորություն կտրվի դրանք իրականացնել»,- ասաց Լենա Նազարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ