«Քրեական հեղինակություններն էլ են մարդ, իրենք էլ են Հայաստանի հանրապետության քաղաքացիներ, նույնպես ունեն իրավունքներ եւ պարտականություններ: Անկախ ամեն ինչից, ցանկացած ոք Հայաստանի հանրապետությունում պետք է ենթարկվի օրենքին»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հարցին, թե Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը քրեական տարրերին չեզոքացրեց, եւ դրա համար մնաց պատմության մեջ, Դո՞ւք էլ կմնաք պատմության մեջ, պարոն Օսիպյանը պատասխանեց, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են. «Չեմ հասկանում իմաստը պատմության…., բոլորս էլ՝ մենք էլ, դուք էլ, ներկայիս կյանքն արդեն իսկ պատմություն է»:
Հարցին, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք «գողականները» լայն արտադրություններ ունեին, նրա թիկնազորի պետը՝ Արշակը Հակոբյանը, լայն կապեր ուներ քրեական աշխարհի հետ, ըստ տեղեկությունների, պարոն Օսիպյանը պատասխանեց. «Հայաստանի հանրապետության դռները բաց են բոլոր քաղաքացիների համար, Սփյուռքի, օտարերկրացիների, մեր քաղաքացիների համար, բայց օրենքը Հայաստանի հանրապետության համար գերակա է, բոլորը պետք է հարգեն օրենքը»:
Արտոնություն ունենալ-չունենալու մասին, ասաց, որ հարցնենք նախորդներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ