Տարեսկզբին Հայաստանի տնտեսության մեջ արձանագրված բարձր աճի միտումները աստիճանաբար նահանջում են։ Այդ երեւույթը սկիզբ առավ ապրիլին, ինչը շարունակվել է նաեւ մայիսի ընթացքում։ Երկու ամսում տնտեսական ակտիվությունը 2 տոկոսային կետով նահանջել է։ Միայն մայիսի արդյունքներով ակտիվության ցուցանիշը սեղմվել է 1,1 կետով։
Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, տարեսկզբի հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է ակտիվության 8,6 տոկոս աճ։ Դրան նպաստել է հիմնականում տարեսկզբի բարձր աճը։
Ասենք, որ առաջին եռամսյակում աճը հասավ 10,6 տոկոսի։ Սակայն ներքաղաքական վերջին իրադարձությունների հետեւանքով տնտեսական ակտիվությունը աստիճանաբար սկսեց նահանջել։
Այլ կերպ չէր կարող լինել, եթե հաշվի առնենք, թե վերջին ամիսներին ինչ էր տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում ու տնտեսության մեջ։ Իշխանափոխությունից անմիջապես հետո մեկնարկեցին բողոքի գործողությունները տնտեսության տարբեր հատվածներում։ Լուրջ խնդիրների առջեւ հայտնվեցին հատկապես հանքարդյունաբերողները։ Առաջադրվող տարաբնույթ պահանջների հետեւանքով առանձին խոշոր եւ համակարգաստեղծ ընկերություններ ստիպված էին օրերով մատնվել անգործության։
Այս ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսության վրա։ Դա նկատելի է հատկապես արդյունաբերության մեջ։
Տնտեսության այս ճյուղում զարգացումները նպաստավոր չեն եղել թե՛ ապրիլին, թե՛ մայիսին։ Ինչպես հայտնի է, ապրիլին արտադրության ծավալները նվազեցին 3,7 տոկոսով։ Չնայած դրա համեմատ մայիսին աճ է գրանցվել, այնուհանդերձ արդյունաբերության ոլորտի զարգացումները հետընթաց են ունեցել նախորդ տարվա նկատմամբ։
2017թ. համեմատ ոլորտի արտադրության ծավալները մայիսին կրճատվել են 3,1 տոկոսով։ Այդ ամենի հետեւանքով արդյունաբերության առաջնային դերը տնտեսական աճի գործում, որ կար վերջին մի քանի տարիներին, զգալիորեն կրճատվել է։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում