Ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլի 22-ին, Ավան թաղամասի Աճառյան փողոցում բժշկական դիմակներով մի խումբ անձինք հարձակվել էին Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադեւոսյանի մեքենայի վրա, ջարդել այն, խլել հեռախոսն ու պլանշետը, հարվածներ հասցրել լրագրողի գլխին։ Վրույր Թադեւոսյանն անմիջապես իր ֆեյսբուքյան էջով, ուղիղ միացմամբ, նկարահանել էր հարձակվողներին։ Հետագայում քրեական գործ է հարուցվել, Վրույր Թադեւոսյանն առերեսման ժամանակ ճանաչել է Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից Արթուր Գասպարյանին, իսկ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ իր վրա հարձակված անձանց շարքում են եղել նաեւ Ավանի թաղապետարանի աշխատակից Կարեն Տոնոյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Էդմոն Պետրոսյանը։
Վրույր Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անընդհատ նամակներ է ստանում, որոնցում ասվում է, թե Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանը նույնպես եղել է դիմակավորված անձանց շարքում։ Արթուր Գասպարյանը, Էդմոն Պետրոսյանը եւ Կարեն Տոնոյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, սակայն ստորագրությամբ բաց են թողնվել։
Վրույր Թադեւոսյանին պատկանող պլանշետն ու հեռախոսը նրան են վերադարձվել առեղծվածային կերպով։ Նա իրեն պատկանող տեխնիկան ստացել է տաքսու վարորդից, ինչից հետո ոմն Հարութ հեռախոսով ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Վրույր Թադեւոսյանի պնդմամբ՝ իրեն վերադարձված հեռախոսն իրենը չէ, իր հեռախոսից մեկ մոդել ցածր է, իսկ պլանշետից ջնջված է պարունակությունը։ Թադեւոսյանի պնդմամբ՝ ինքն էլ չգիտի, թե որտեղից են գտել իր հեռախոսահամարը եւ պարզել հասցեն։ Դեպքի առթիվ Թադեւոսյանը դիմել է ոստիկանություն։ Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց լրագրողը, տաքսու վարորդն իրեն ասել է, որ «ծանրոցն» ստացել է մայիսի 5-ին, Աբովյանից։ Ոստիկանության Նոր Նորքի բաժինը դիմել է ոստիկանության Աբովյանի բաժին՝ տաքսու վարորդի նշած հասցեի տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունն ստանալու համար, սակայն Աբովյանի ոստիկանությունն ուղարկել է մայիսի 4-ի տեսագրությունը։ Կրկնակի դիմել է ոստիկանության Աբովյանի բաժին, որպեսզի ուղարկվի մայիսի 5-ի տեսագրությունը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում