Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է սուպերվարչապետությանը իր դեմ լինելը

Հունիս 21,2018 12:51

Այսօր խորհրդարանում կայանալու է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին քննարկումը: Այն փակ է լինելու: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք առաջարկներ են ներկայացնելու: Դրանցից հիմնականը վերաբերելու է ռեյտինգային ընտրակարգին: ՀՅԴ-ն առաջարկում է ռեյտինգային համակարգից ոչ թե հրաժարվել ընդհանրապես, այլ կիրառել դասական ռեյտինգային համակարգի մոդել: Այն է`բաց ցանկերով քվեարկություն ամբողջ հանրապետությունում: «Սա ամենաժողովրդավարականն է: Այսինքն, ընտրողը ընտրում է ոչ միայն ցուցակը` կուսակցություն ընտրելով, այլ նաեւ այդ ցուցակի մեջ նախասիրությունը արտահայտում է որեւէ անձի նկատմամբ: Դառնում է, որ կուսակցությունը չէ, որ որոշում է հերթականությունը` ով պետք է անցնի, այլ ժողովուրդն է որոշում, թե մանդատները հատկապես կուսակցության մեջ ո՞ւմ տրվեն»:

Ռուստամյանը մանրամասնում է`«Լինելու է մեկ թերթիկ. նույն քվեաթերթիկը քվեարկում ես կուսակցություն ընտրելով, հաջորդ էջի վրա թվեր են դրվում, որ ասենք էդ ցուցակի մեջ հերթական համարով որոշում են, թե ում են նախընտրում»:

Aravot.am-ի հարցին`իր կարծիքով ՀՀԿ-ն կհամաձայնի՞ այլ տարբերակի, քանզի նախկինում «ատամներով էին պահում» ռեյտինգայինի գործող տարբերակը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե չհամաձայնի`կհայտնվի մեկուսացման մեջ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

ՀՅԴ-ն առաջարկելու է նաեւ ոստիկանության պատկանելիության փոփոխություն: Ինչպես հայտնի է, ոստիկանությունում ստեղծվելու է ստորաբաժանում, որն ընտրական իրավունքի վերահսկողությամբ է զբաղվելու: Դա նախատեսված էր նաեւ կառավարութան ծրագրով: «Այդ պարագայում առաջնահերթ է դառնում ոստիկանության ենթակայության հարցը փոխելը»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Ոստիկանությունն, ինչպես հայտնի է, գտնվում է վարչապետի ենթակայության ներքո: «Վարչապետն ով էլ լինի, քաղաքական ուժ է ներկայացնելու եւ չի կարող այս գործընթացում ոստիկանությունը մեկի ենթակայության տակ լինել, որն ուղղակի շահագրգիռ է: Պետք է ոստիկանությունը հանել վարչապետի ենթակայությունից եւ տեղափոխել կառավարության ենթակայության տակ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հիշեցնելով, որ ժամանակին բոլորը, այդ թվում նաեւ գործող վարչապետն էր այդ մասին խոսում`ասելով, որ սուպերվարչապետական համակարգ ունեն:

Իրենք նախկինում էլ են ասել, հիմա էլ են ասում`որոշակի շեղում սուպերվարչապետության ուղղությամբ կա եւ տարանջատումը պետք է շատ հստակ լինի: Խորհրդարանական համակարգի գլխավոր շարժիչ ուժն էլ, ասում է նա է, որ ամեն մեկն իր արածի համար պատասխան տա: Ասում է`կարելի է ԱԱԾ-ի մասին էլ մտածել, բայց մինչ ընտրությունները ոստիկանության ենթակայությունը փոխելն է առաջնահերթություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930