Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը նշանակվեց պաշտոնում, մինչդեռ տարիներ ի վեր՝ մամուլն անդրադարձել է, որ նա առնչություն է ունեցել կոռուպցիային, արդյոք դուք սկսո՞ւմ եք, ուսումնասիրություններ անել, թե շտաբն ինչպես են ղեկավարել, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը պատասխանեց՝ վարչապետն ինչ ասել է՝ ուժի մեջ է եւ դա չի փոխվելու. «Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված պաշտոնյային, մամուլում գրածն այլ է, փաստերն այլ է»:
Հարցին, բայց ստուգե՞լ եք Մովսես Հակոբյանին, պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ չկա մեկը, որի նկատմամբ ունեմ կաշկանդվածություն եւ քայլեր չեմ անելու: Բայց ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ, որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները»:
Հարցին, թե դրա համար ե՞ք պաշտոնի դրել, որ օգնի գտնեք, Դավիթ Սանասարյանը պատասխանեց՝ այն հարցերը, որոնք վարչապետին կարող եք տալ, խնդրում եմ՝ ինձ մի տվեք:
Վկայակոչելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի՝ մոտ հայտնաբերված զենք զինամթերքի մասին ոստիկանության հայտարարությունը եւ այն, որ համաձայն նրա հայտարարագրի՝ մեծ կարողություններ է կուտակել, Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցին, թե նա աշխատավարձո՞վ է պատրաստվում ապրել, քանի որ այդ պաշտոնում հարստանալու ռիսկը շատ մեծ է: Ի պատասխան ասաց. «Ես, բնականաբար, աշխատավարձով եմ ապրելու: Հայտարարագիրս այսօր ներկայացնելու եմ, որտեղ բոլոր տողերում զրո է գրված: Ոչ սեփականություն ունեմ, եւ քանի որ եղել եմ փողոցներում վերջին շրջանում, ոչ աշխատանք եմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել: Երբ որ վերջացնեմ պաշտոնավարումը, նորից հայտարարագիրը կլինի, եւ դուք կտեսնեք, որ միայն աշխատավարձերի շարժեր են այդտեղ»:
Ըստ Դավիթ Սանասարյանի, ինչ վերաբերում է նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարին, որը նաեւ ՊԵԿ-ում է ղեկավար եղել, ուսումնասիրություններ են արվելու նախագահի վերահսկողության աշխատակազմում, թե այդ գումարներն ինչպես են ծախսվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ