Ինչպես տեղեկացրել ենք, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ հակառակորդը առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժեներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:
Նա նաեւ հայտնել էր, որ արդեն 2 ամիս է` առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում:
Aravot.am-ը Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ կոնկրետ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, հակառակորդը ի՞նչ կարգի ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Տարբեր տիպի աշխատանքներ են իրականացնում, դա արդեն ռազմական խնդիրներ են: Նախ, իրականացնում են զորքերի տեղաշարժեր, տարբեր տիպի շինություններ են սարքում, ճանապարհներ»:
Հարցին, այսինքն, հստակ ինչ-որ գործողությա՞ն են պատրաստվում՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նրանք քայլերը կախված են մեզանից: Մենք էլ ենք պատրաստվում, որպեսզի պահպանենք կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում»:
Երկու օր առաջ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք եւ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները: Խոստացել էին, որ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով պետք է զսպեինք հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում: Հարցին՝ եղե՞լ են պատժիչ գործողություններ եւ պատասխան հարված՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք արել ենք հնարավորը: Այո, կորցրել ենք, բայց դա մի բան է, որից երբեք չի կարելի խուսափել, այդպիսի բաներ էլ են լինում: Մենք երբեւիցե չենք թաքցրել մեր կորուստները, առավել եւս՝ նյութական եւ մարդկային: Հիմա այդպես եղել է, դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու մեր գործողությունները այս տիպի զինատեսակների արդիականացման, դրանց օգտագործման ուղղությամբ, մյուս կողմից էլ անելու ենք հնարավորը, որ հակառակորդը հասկանա՝ մենք ավելի ուժեղ ենք եւ ավելի հաստատակամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ