Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2018 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի ցուցանիշները։ Սկսենք, թերևս, ամենակարևոր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։
Այսպես, 2018 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։ ՏԱՑ-ի հավելաճը ժամանակահատվածի կտրվածքով այս տարվա ընթացքում նվազել է։ 2018 թվականի հունվար-մարտին այն 11% էր, հունվար-ապրիլին 9.7%։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց մայիսի 8-ին և նոր կառավարության կազմը մինչև մայիսի 15-ն արդեն գրեթե ամբողջությամբ ձևավորված էր։ Այսինքն, զուտ ժամանակագրական առումով՝ մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված։ Սակայն, բնականաբար, մայիսին արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները ոչ մի դեպքում չի կարելի համարել նոր կառավարության գործունեության արդյունք, քանի որ դրանք նախորդ կառավարության գործունեության արդյունքներն են։
Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքները տնտեսական վիճակագրության մեջ կերևան 2-3 ամսից ոչ շուտ։ Ընդ որում, նոր կառավարությունը դեռևս տնտեսական բնույթի որևէ լուրջ օրենսդրական նախաձեռնություն չի ցուցաբերել (բացառությամբ կուտակային կենսաթոշակի), և տնտեսությունը շարժվելու է նախկին ամիսների իներցիայով։
Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը կարող է նկատելիորեն ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ Ստվերի և կոռուպցիայի դեմ իրականացվող քայլերը, որոնք թափ առան մայիսի վերջին և շարունակվում են մինչ օրս, կարող են նպաստել, որ հատկապես ներքին և արտաքին առևտրի ոլորտում արդեն հունիսի արդյունքներով գրանցվեն կտրուկ փոփոխություններ՝ «սպիտակ» դաշտ տեղափոխված ստվերի հաշվին։ Սակայն դա կարտացոլի ոչ թե տնտեսական վիճակի փոփոխություն, այլ կլինի պարզապես վիճակագրական տվյալների ճշգրտում։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում