Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն ինքը չի ընդունել տիկին Թանդիլյանի հրաժարականը. «Վերջին օրերին տիկին Թանդիլյանի հետ համատեղ քննարկումների ընթացքում որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը եւ պետք է նաեւ աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկման տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է: Եվ ինչպես պայմանավորվել ենք նախկինում եւ նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների, արդարադատության նախարարների հետ մենք պետք է աշխատենք այդ համակարգն առավել ընդունելի, ընկալելի եւ առավել հուսալի դարձնելու համար»:
Վարչապետի խոսքով՝ պետք է հանրության եւ կառավարության մեջ եղած բոլոր կասկածները փարատվեն, որպեսզի վստահ լինեն, որ ճիշտ ճանապարհով են գնում. «Այն որոշումը, որ մենք կայացրինք եւ Ազգային ժողովը հաստատեց այդ որոշումը՝ որի առանցքային նպատակը նախ եւ առաջ ժամանակ շահելն է, որպեսզի հանդարտ, առանց ցայտնոտի, շահագրգիռ, խորը լուրջ քննարկում ունենաք: Այս պահին մենք չենք կասկածում, որ համակարգը բարելավման կարիք ունի հենց իմ նշած հարցերի լուծման համատեքստում եւ մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը, կառավարության մյուս անդամների հետ, շահագրգիռ նախարարությունների, հանրության ներկայացուցիչների հետ կաշխատի, որպեսզի առաջիկա երկու ամսվա ընթացքում ունենանք նախագիծ, եւ ընդհանրապես ունենանք խնդիրների օրակարգը, ցանկը եւ հասկանանք, թե պրոբլեմներն ինչպես ենք քննարկելու»:
Ի պատասխան Մանե Թանդիլյանը շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ վարչապետն անդրադարձավ կուտակայինի դրույթներին, քանի որ իր անհամաձայնությունը եւ հրաժարականի պատճառը եղել է հենց դրույթների վերաբերյալ. «Մենք պարտավորություն ունենք այդ համակարգի հուսալիությունն ապահովելու եւ այն մոտեցումները, որը որ ներկայացվեց ձեզ, որպես նախագծի հիմքում ընկած, որը որ ձեզ կառաջարկվի, դրանք լինելու են խարսխված դրա վրա: Ես պատրաստ եմ շատ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծը իմ գործընկեր նախարարությունների քննարկմանը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ